Քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացմա...

Հայաստանում սովորողների ներուժի բացահայտման և զարգացման ազգային համակարգի ձևավորումը Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագրի հիմնական նպատակն է։

ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ ծրագրի շրջանակն ու ընթացիկ աշխատանքները քննարկվել են աշխատանքային հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արտուր Մովսիսյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, ինչպես նաև ծրագրի համակարգողները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սովորողների անհատական կարիքներին և ներուժին համապատասխան համակարգի ձևավորմանը, զարգացման միջավայրի, մոտիվացիոն մեխանիզմների ուժեղացմանը և տաղանդների զարգացման շարունակական աջակցությանը վերաբերող հարցեր։

Ծրագրի համակարգողները ներկայացրել են միջազգային փորձի ուսումնասիրությունը՝ տարբեր երկրների օրինակով։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ տաղանդների բացահայտումն ու յուրաքանչյուր երեխայի անհատական շնորհների զարգացումը կրթական համակարգի առաջնային խնդիրներից են, և այս իմաստով տաղանդների զարգացման ծրագիրը պետք է միտված լինի գործուն մոտիվացիոն մեխանիզմների ապահովմանը։

Քննարկվել է նաև միջազգային փորձի ուսումնասիրման և Հայաստանի կրթական համակարգին համապատասխան արդյունավետ մոտեցումների կիրառման կարևորությունը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան բացահայտել սովորողների ներուժը, ապահովել դրա զարգացման համար անհրաժեշտ կրթական հնարավորություններն ու աջակցությունը՝ նպաստելով նրանց հետագա մասնագիտական կայացմանը։

Տաղանդների զարգացման ծրագիրը «Ակադեմիական քաղաք» ծրագրի կարևոր բաղադրիչներից է և միտված է Հայաստանում մարդկային կապիտալի համակարգված ու շարունակական զարգացմանը։