Կատարը հայտնել է Մերձավոր Արևելքում պատերազմը...

Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները, թեև հակամարտության մեկնարկից յոթ ամիս անց էական առաջընթաց չկա, հաղորդում է AFP-ն։

«Կարող եմ հաստատել, որ բանակցությունները շարունակվում են, և տարբեր կողմերի միջև ուղերձների փոխանակումը նույնպես շարունակվում է Կատարի ու նրա տարածաշրջանային գործընկերների միջնորդությամբ», — երեքշաբթի օրը հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իբրահիմ ալ-Հաշմին։

Նրա խոսքով՝ անուղղակի բանակցություններում հաշվի են առնվում «տարբեր կողմերի մտահոգությունները»։ Կատարցի պաշտոնյան կոչ է արել շարունակել դիվանագիտական ջանքերը՝ նշելով, որ հակամարտության մասշտաբն ու դրա հետևանքներն ամբողջ աշխարհի համար պահանջում են օր առաջ լուծում գտնել բանակցությունների սեղանի շուրջ։

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնն ու Թեհրանը դեռ տարաձայնություններ ունեն ռազմավարապես կարևոր Հորմուզի նեղուցի հարցում։ Բանակցություններն ընթացել են ապրիլին ձեռք բերված հրադադարի համաձայնագրի, հունիսին ստորագրված փոխըմբռնման հուշագրի և սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած շփումների ֆոնին։

Նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն «անիմաստ են», քանի որ, նրա խոսքով, նման շփումներին հաջորդում են նոր հարձակումները։ Այս մասին հայտնել են իրանական պետական ԶԼՄ-ները։

Հակամարտության ողջ ընթացքում Կատարը որպես միջնորդ է հանդես գալիս Վաշինգտոնի և Թեհրանի անուղղակի շփումներում։