Զախարովան դժգոհել է, որ Հայաստանում ՌԴ ընկերն...

Զարմանալի է, որ մեր դաշնակիցները, մեր եղբայրները, ընկերները, մեր գործընկերներն ու հարևանները՝ նկատի ունեմ ղեկավարությունը, պաշտոնյաները, այդ թվում՝ Հայաստանի հասարակության ներկայացուցիչները, դրան չեն արձագանքում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունները։

«Եթե ինչ-որ մեկը սա ասեր մեր ընկերների մասին, այն մարդկանց, ովքեր մեզ օգնում են, ավելին, եթե դա ասվեր այն երկրի մասին, որը պարբերաբար կանգնել է մեր ու մեր ժողովրդի կողքին՝ զոհաբերելով սեփական կյանքը, մեր երկրում նման բան եթե ասվեր, մենք առիթ կգտնենք հետ քաշելու նման գործիչներին և հիշեցնելու, որ մեր պատմությունը թույլ չի տալիս նրա նկատմամբ նման նվաստացուցիչ վերաբերմունք երրորդ անձանց կողմից։ Հետեւաբար, ինչ կա մեկնաբանելու»,- ասել է Զախարովան։

Նա նաև առիթը բաց չթողեց գնահատելու Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի գործունեությունը` Սեժուրնեին անվանելով «միջակ դիվանագետ». «Նա ևս մեկ անգամ ցույց տվեց իր միջակությունն ու պատմությունից ու ավանդույթներից անտեղյակությունը։ Եվ սա, իմ կարծիքով, ապաշնորհ էր ու հիմարություն Ռուսաստանի նկատմամբ, իսկ անհարգալից վերաբերմունք՝ Հայաստանի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն Երեւանում ասել էր, որ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իր բնակչությանը։ Միաժամանակ, դիվանագետը վստահեցրել է, որ երկու երկրների պաշտպանական համագործակցությունն ուղղված չէ տարածաշրջանում էսկալացիային. ոչ ոք նման մտադրություններ չունի։ Սեժուրնեն խոստացել է պաշտպանել Հայաստանը ռուսական ճնշումներից։ Հայտարարելով Հայաստանի և Ֆրանսիայի ընդհանուր արժեքները՝ Սեժուրնեն աջակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ «չնայած Ռուսաստանի սպառնալիքներին և ակնհայտ թշնամանքին, որը փորձում է ճնշում գործադրել»։ Նրա խոսքով, չնայած դրան, Հայաստանը փուլերով գնում է դեպի ժողովրդավարություն։