Զախարովան՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի...

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 11-ի ճեպազրույցում պատասխանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի դիրքորոշմանն առնչվող հարցին։

Տրված հարցը, մասնավորապես, վերաբերում էր ՌԴ դեսպանին Իրանի ԱԳՆ կանչելուն՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Մոսկվայի աջակցության վերաբերյալ Թեհրանի դժգոհությանը։

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում երկրի արտգործնախարարությունում դեսպանի հանդիպման վերաբերյալ «խոսքը զրույցի, հրավերի մասին» էր։

«Տեսա նաև, որ լրատվամիջոցներում այլ մեկնաբանություն կար։ Բայց այստեղ ես ապավինում եմ պաշտոնական մեկնաբանությանը։ Տեսա նաև իրանցի պատգամավորների հայտարարությունները, որոնք քննադատում էին Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես դուք ասացիք, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի հարցով»: Ի՞նչ կարող եմ ասել իրանական կողմի արձագանքի մասին:

Մենք շփվում ենք մեր գործընկերների հետ, և դա մշտական ​​շփում է։ Այս առնչությամբ արել ենք բոլոր անհրաժեշտ պարզաբանումները թեմայի շուրջ։ Ելնում ենք նրանից, որ մեր ներկայացրած փաստարկը լսվել և ընկալվել է Թեհրանում»,- նշել է Զախարովան։

Այս հարցի առնչությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է «հակառուսական տեղեկատվական արշավի մասին»։

«Ակնհայտ է, որ հակառուսական տեղեկատվական արշավը ոգեշնչվել է որոշակի շրջանակների կողմից, որոնք օգտագործում են ցանկացած, նույնիսկ ամենաանհեթեթ հնարավորությունը Մոսկվայի և Թեհրանի միջև ընդլայնվող ռազմավարական գործընկերության մեջ տարաձայնություններ առաջացնելու համար։ Դա ակնհայտորեն անում են նրանք, ովքեր կանգնած են նման սադրանքների հետևում, ոչ առանց հուշումների՝ ելնելով Արևմուտքի շահերից, քանի որ նման զարգացումներից, նման ալիքներից, տեղեկատվական արշավներից շահում են միայն Արևմուտքի կողմնակիցները։

Ինտենսիվ քաղաքական շփումները և երկու կողմերին հետաքրքրող հարցերի շուրջ մոտեցումների վերանայումը շարունակվում են տարբեր մակարդակներում, և բոլոր առաջնահերթ ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման կուրսը, մասնավորապես, հաստատվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս նշանակված իր իրանցի գործընկերոջ՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին հղած շնորհավորական ուղերձում։ Նա նաև մեր երկիր այցելելու հրավեր է ստացել»,- նշել է Զախարովան։