Զախարովա. Խաղաղապահները Ղարաբաղում պարզում են...

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան քայլեր է իրականացնում՝ պարզելու Մարտակերտի շրջանում ադրբեջանական հրաձգության հետեւանքով խաղաղ բնակչի զոհվելու հանգամանքները։ Այս մասին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ցավակցություն հայտնելով զոհվածի բոլոր հարազատներին եւ մերձավորներին։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմի հրաձգության հետեւանքով մահացու վիրավորվել է խաղաղ բնակիչ։

«Իրենց պատասխանատվության գոտում միջադեպեր թույլ չտալու ջանքերի համակարգման համար ռուս խաղաղապահները անընդհատ փոխգործակցության մեջ են Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ»,- նշել է նա։

ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ ասել է, որ սույն ողբերգական դեպքը հաստատում է երեք երկրների ղեկավարների բոլոր որոշումների եւ հայտարարությունների անշեղ կատարման կարեւորությունը. «Մենք կոչ ենք անում երկու կողմին որքան հնարավոր է շուտ վերացնել առկա փոխադարձ գրգռիչ պահերը հումանիտար դաշտում, փոխանակել գերիներին բոլորին բոլորի դիմաց սկզբունքով եւ փոխանակել ականադաշտերի քարտեզները լրիվ ծավալով»,- ընդգծել է Զախարովան։