Որքան էլ գուցե առաջին հայացքից տարօրինակ թվա, սակայն հայաստանյան հանրային-քաղաքական դաշտում քննարկման թեմա է արդեն ավելի քան երկու տարի, թերեւս, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների, համացանցային տիրույթում նրանց «վարքուբարքի» թեման։ Ընդ որում, քննարկումները, հրապարակումները այնպիսի հունի մեջ են, որ եթե օրինակ մի պահ այդ տեքստերից հանենք Նիկոլ Փաշինյանի անունը, ում անվան հետ նրանք կապվում են, եւ որեւէ կրոնական աղանդի անվանում դնենք, հիանալիորեն կհամապատասխանի Փաշինյանի կողմնակիցների պահվածքը ցանկացած աղանդավորի պահվածքին։ Խնդիրը այս դեպքում միայն հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքերը չեն կամ այսպես ասած՝ վճարովի կողմնակից աշխատողները, որոնց ընդհանուր անվամբ հանրությունը կոչում է «զոմբի»։
Խնդիրը նաեւ այն մարդիկ են, որոնք, լիովին կարող ենք նաեւ դա ենթադրել, անկեղծորեն հավատում են, որ Փաշինյանն իրոք լուրջ լիդեր է եւ Հայաստանը կարող է տանել դեպի պայծառ ապագա։ Տհաճ ու հակահիգիենիկ համացանցային միջավայրը մի կողմից իհարկե արդյունք է հանրային-քաղաքական դիսկուրսի մակարդակի չափազանց իջեցման, պարզունակացման։ Սակայն մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանն ինքը երեւի անելիք ունի իր կողմնակիցների պահվածքը կոռեկցիայի ենթարկելու հարցում։ Հասել ենք այնտեղ, որ բազմաթիվ նիկոլականներ, օրինակ հավատացած են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ոչ ավել ոչ պակաս՝ «ռոբասերժական, 5000 դրամով ծախված «պիցցայակեր» է»։
Հիշեցնենք, խոսքը՝ Ֆրանսիայի նախագահի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «վետո»-ի իրավունք ունեցող հինգ երկրներից մեկի մասին է։ Սա արդեն կարելի է ասել մարդկային քաղաքական հասունության աղետ է։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ավելի քան երկու տարի առաջ ասպարեզ նետված հայտնի թեզերն այսօր ամենաանճոռնի մուտացիաների ենթարկվելով շարունակվում են «ծամվել»՝ հատելով սահմաններ, որոնք ակամա կարող են առիթ տալ մտածելու, որ մարդն իրականում ամենախոցելի արարածն է։ Հայաստանի աղետը, կարելի է արձանագրել, սկսվում է ոչ թե Արցախյան պատերազմից, կամ տարածքային կորուստներից։ Ոչ։ Հայաստանի աղետը սկսվում է հենց այստեղից, ու քանի դեռ այս աղետը չի հաղթահարվել, մնացած ամեն ինչի մասին խոսելը, մեղմ ասած՝ ժամանակավրեպ է ու ավելորդ։



