Գազա քաղաքի բնակչությունը պետք է հեռանա մինչև այս տարվա հոկտեմբերի 7-ը: Գազայի հանդեպ վերահսկողության հաստատման պլանի մասին նման մանրամասներ է հաղորդել Maan լրատվական գործակալությունը: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ ըստ Maan-ի տվյալների՝ քաղաքի նկատմամբ վերահսկողության տարածման և ամրապնդման գործընթացն Իսրայելի իշխանությունները բաժանել են երեք փուլի: Առաջին փուլում հատվածի վարչական կենտրոն կուղարկվի զգալի ծավալով մարդասիրական օգնություն՝ բնակչության կարիքներն ամենակարճ ժամկետներում բավարարելու համար: Այնուհետև, երկրորդ փուլում կսկսվի բնակիչների անմիջական «տեղափոխումն» անկլավի հարավային շրջաններ և անկլավի կենտրոնական շրջաններում ստեղծված հատուկ վրանային ճամբարներ:
Այդ շրջանն, Իսրայելի իշխանությունների մտադրությունների համաձայն, պետք է ավարտվի մինչև 2025 թվականի հոկտեմբերի 7-ը: Այդ ժամկետը նշանակված է որպես «խորհրդանշական» և համընկնում է Գազայում Իսրայելի բանակի ռազմական գործողության մեկնարկի 2-րդ տարվա հետ:
Երրորդ փուլում կսահմանվի Գազա քաղաքի «լիակատար ռազմական շրջափակում»՝ որպես Գազայի հատվածում «պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ջոկատների վերացման՝ Իսրայելի ընդհանուր ծրագրի մի մաս»:
Օգոստոսի 8-ի առավոտյան Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որում ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։



