ԻՀՊԿ «Ղուդս» ուժերի հրամանատար Էսմայիլ Ղաանին հայտարարել է, որ դիմադրության ուժերը միավորվել են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չպետք է այդ դաշինքի ներուժը գնահատի միայն սպառազինության հեռահարությամբ, քանի որ դիմադրության ռազմավարական ազդեցությունը տարածվում է հրթիռների հասանելիության գոտուց շատ ավելի հեռու։
Sepahnews կայքին չորեքշաբթի օրը տված հարցազրույցում Ղաանին նախազգուշացրել է, որ Իրանի հետ պատերազմի շարունակությունը կարող է ԱՄՆ-ի համար նոր սպառնալիքներ ստեղծել տարածաշրջանի առանցքային ծովային հանգույցներում՝ Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցներում։
«Այսօր դիմադրության բոլոր ուժերը ներկայացնում են միասնական ճակատ՝ համախմբված տարբեր ուղղություններով։ Ուստի մի՛ գնահատեք այդ ճակատի խորությունը միայն զենքի հեռահարությամբ. հաշվի առեք նաև դիմադրության ռազմավարական հնարավորությունները»,— ընդգծել է նա։
Ղաանիի խոսքով՝ քանի դեռ ԱՄՆ-ը ռազմական գործողություններ է ծավալում Հորմուզի նեղուցի շրջանում, դիմադրության ուժերը կարող են նոր ճակատ բացել Կարմիր ծովն Ադենի ծոցին կապող Բաբ էլ-Մանդեբի նեղուցում։
Իրանցի ռազմահրամանատարը նաև մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մոլորեցնելու և Իրանի դեմ պատերազմի դրդելու մեջ։ Ղաանին պնդել է, որ դրա հետևանքով Վաշինգտոնը կորցրել է իր երբեմնի միջազգային հեղինակությունը և պարտություն կրել Հորմուզի նեղուցում։
Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցի հարցում իր դիրքորոշումից նահանջելու ԱՄՆ-ի դժկամությունը դիմադրության ուժերին մղել է այնպիսի գործողությունների, որոնց հետևանքով, ըստ նրա, ամերիկացիները կարող են կորցնել իրավիճակի վերահսկողությունը նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում։
Ղաանին նախազգուշացրել է, որ պատերազմի շարունակման դեպքում դիմադրության միասնական ճակատն ունակ է լուրջ հարված հասցնել ԱՄՆ-ին ինչպես բուն մարտադաշտում, այնպես էլ ռազմավարական այլ ուղղություններում ձեռնարկվող քայլերի միջոցով։



