Այս տարի ՀՀ-ից արտահանված բանջարեղենի գրեթե 1...

Այս տարի ՀՀ-ից արտահանված բանջարեղենի գրեթե 100 տոկոսը ջերմոցների արտադրանքն է եղել։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նշել է, որ սեպտեմբերի 29-ի դրությամբ արտահանվել է 121,800 տոննա պտուղ-բանջարեղեն, մինչդեռ նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 108,600 տոննա, այսինքն` 12.2 տոկոս ավելի շատ է այս տարի եղել արտահանման ծավալները։

«Սեպտեմբերի 29–ի դրությամբ լոլիկը 1,000 տոննայով ավելի է արտահանվել` ապահովելով 8 տոկոսի աճ, պղպեղը 4.5 հազար տոննայով ավելի է արտահանվել` ապահովելով 59 տոկոս աճ, սմբուկը 800 տոննայով ավելի է արտահանվել` ապահովելով 80 տոկոսի աճ»,- տեղեկացրել է Պապոյանը:

Ծաղիկների դեպքում հատի դեպքում արտահանվել է 3.1 մլն հատ ծաղիկ` ապահովելով 5.3 տոկոսի աճ, տոննայով հաշվարկի դեպքում` 800 տոննա ծաղիկ` ապահովելով 160 տոկոս աճ։

Պապոյանը նշեց, որ ծիրանն անցած տարվա համեմատ ավել է արտահանվել 11 հազար տոննայով կամ 33 տոկոսով, սալորը` մոտ 2,000 տոննայով կամ 32 տոկոսով, դեղձը` 5.1 հազար տոննայով կամ 86 տոկոսով, կեռասը` 2,000 տոննայով կամ 87 տոկոսով։