Տավուշյան զարգացումների ֆոնին առանձնահատուկ է թիրախավորվել Հայ Առաքելական եկեղեցին, մասնավորապես նրա Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ սրբազանը, ով հանգուցային այս պահին ստանձնել է դիմադրության կազմակերպման առաջնորդությունը` բաց, որ այսքան ժամանակ համընդհանուր մտահոգության առիթ էր տալիս: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն` ձևավորվող ժողովրդական շարժման թափն այդկերպ ջարդելու նպատակով: Ընդ որում ներկայացված տեղեկությունները մերկապարանոց են, աղերս չունեն իրականության հետ: Ակնհայտ է, որ առ այսօր որևէ փաստ, ապացույց չի ներկայացվել հանրության դատին: Այնինչ, եթե այդպիսիք առկա լինեին, թեկուզ հատուկ ծառայություններում, վաղուց շրջանառության մեջ դրված կլինեին ուղիղ վարչապետի կամ նրա ձայնափողերից մեկի կողմից, ինչպես վարվել են այս վեց տարիների ընթացքում:
Ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելու համար ուզում ենք փաստել`
- եթե Բագրատ սրբազանի կամ ակտիվություն ցուցաբերող մյուս հոգևորականների վերաբերյալ վարկաբեկիչ փաստեր իրականում առկա լինեին, դրանք առ այսօր ինչ-որ կերպ հրապարակված կլինեին,
- վարկաբեկիչ տվյալների առկայության դեպքում Բագրատ Սրբազանը, հոգևոր դասի մյուս ներկայացուցիչները նման ազատ ու անկաշկանդ վարքագիծ չէին դրսևորի, դեմ չէին գնա իշխանության վարած քաղաքականությանը,
- եթե այլ պետության հատուկ ծառայություններ հետ նրանց համագործակցության վերաբերյալ քիչ թե շատ վկայող տվյալներ լինեին, դրանք վաղուց քննարկման առարկա դարձած կլինեին իրավական տիրույթում, մասնավորապես ԱԱԾ-ում, և պարտադիր կհանրայնացվեր վարկաբեկելու նպատակով:
Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել: