2018 թվականի Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից առաջ նոր իշխանությունները փորձում էին նոր ընտրական օրենսգիրք անցկացնել: Արտահերթ ընտրություններից առաջ չստացվեց նոր ընտրական օրենսգիրք ընդունել, և իշխանությունները ընտրությունների գնացեին հին Ընտրական օրենսգրքով: Նոր օերնսգրքի նախապատրաստման աշխատանքները կոորդինացնում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը: Politik.am-ը Իոաննիսյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք հիմա իշխանությունները աշխատում են նոր Ընտրական օրենսգրքի վրա, և ինչպիսի՞ մասնակցություն ունի ինքը:
-Պարո՛ն Իոաննիսյան, արդյո՞ք նոր իշխանությունների հետ քննարկում կամ աշխատում եք նոր ընտրական օրենսգրքի վրա:
-Նոր իշխանությունների հետ ընտրական օրենսգրքի վրա առայժմ հայաստանյան քաղաքացիական հասարակությունից որևէ մեկը չի աշխատում, որովհետև, ինչպես երևի գիտեք, գործադիրի և օրենսդիրի միջև պայմանավորվածություն կա, որ Ընտրական օրենսգրքի վրա աշխատելու է խորհրդարանը, իսկ խորհրդարանում չեն կարողանում կողմոնորոշվել այդ աշխատանքի ձևաչափի հարցում:
-Ինչու՞ եք շեշտում հայաստանյան հասարակական կազմակերպությունները, այսինքն՝ դրսից կա՞ն կազմակերպություններ, որոնք աշխատում են, եթե այո, որո՞նք են:
-Այո, կա միջազգային հասարակական կազմակերպություն, որը փորձում է ֆասիլիտացնել այդ գործընթացը, ու, ճիշտն ասած, ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե ինչու՞ են միջազգային հասարակական կազմակերպությունները ավելի ներգրավված ընտրական օրենսգրքի քննարկումներում, քան հայաստանյան բոլոր հասարակական կազմակերպությունները միասին վերցրած:
-Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի նոր ընտրակագը: Նախկինից կա՞ն կարևոր կետեր, որոնք պետք է պահպանվեն:
-Գալիք ընտրական օրենսգրքի կարևորագույն կարգավորումները, իմ կարծիքով, բացի նրանից, որ շատ քննարկվել են, ու որոնց մասին շատ ենք խոսել, իմ կարծիքով, պետք է վերաբերվեն ընտրությունների ֆինանսավորմանը, նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկությանը, որպեսզի մրցակցությունը լինի առավելագույնս գաղափարական, ծրագրային, արժեհամակարգային և նվազագույնս զուտ ռեսուրսների մրցակցություն:
-Պարո՛ն Իոաննիսյան, նախորդ անգամ Ձեզ հաջողվել էր շահագռգիռ բոլոր հասարակական կողմերին մեկտեղել, և բավական լուրջ աշխատանք էր տարվել, այս անգամ ինչու՞ եք հեռու այս գործընթացից:
-Նախորդ անգամ ես վարչապետին ներկայացրի իմ պատկերացումները, թե ինչպես պետք է իրականացվի ընտրական ռեֆորմը: Վարչապետը, ինչպես գիտեք, կանաչ լույս տվեց, և մենք այն իրականացրինք: Այս անգամ այս հարցը դրված է Ազգային Ժողովի վրա, և ես խորհրդարանից առաջարկ չեմ ստացել ընտրական ռեֆորմ ֆասիլիտացնելու մասով:
Զրուցեց Բորիս Մուրազին



