Հայաստանում hոկտեմբերի 1-ը նշվում է որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի օր: Օրվա թեմայով ուղերձ է հղել Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․
«Այսօր մենք հիշում ենք ընտանեկան բռնության բոլոր զոհերին և վերահաստատում մեր անսասան հանձնառությունը՝ պայքարելու այս արատավոր երևույթի դեմ։
Այս օրը սոսկ օրացուցային ամսաթիվ չէ, այլ լռությունը կոտրելու և համախմբվելու հավաքական կոչ։
Մեր գլխավոր նպատակն է կերտել այնպիսի իրավական, հասարակական և մշակութային միջավայր, որտեղ բռնության ցանկացած դրսևորում կհանդիպի կտրուկ մերժման, իսկ հանցանքը երբեք անպատիժ չի մնա։
Պետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը, քանի որ յուրաքանչյուր անձի իրավունքների ոտնահարումը ողջ հասարակության և պետության խնդիրն է։
Մեր նպատակն է Հայաստանում ապահովել ընտանիքների անվտանգ ու առողջ կենսամիջավայր, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ապրել արժանապատվության և փոխադարձ հարգանքի պայմաններում։
Միևնույն ժամանակ, ընտանեկան բռնության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել կոնկրետ օրով․ 365 օր է այդ պայքարի համար նախատեսված։
Այսօրվա կարևորությունն ընդգծվում է նաև Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի լայնածավալ արշավով։ Դրա շրջանակներում իրականացվում են բարեփոխումներ, որոնք միտված են պետության վարքագծի փոփոխությանը»։



