
Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.4 տոկոսով գերազանցել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հերթական ամփոփագրում:
Ապրիլին այն 4.3 տոկոսով գերազանցել է մարտի ցուցանիշը, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ բարձր է եղել 5.4 տոկոսով:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-ապրիլ ամիսներին 16.1 տոկոսով ցածր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 812 մլրդ 255.8 մլն դրամ: Մարտի համեմատ ապրիլին նվազել է 3.9, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ 8.7 տոկոսով: Այս տարվա ապրիլին թողարկվել է 212 մլրդ 429.1 մլն դրամի արտադրանք:
Շինարարության ծավալը հունվար-ապրիլին աճել է 15 տոկոսով՝ գնահատվելով 116 մլրդ 584.4 մլն դրամ: Մարտի համեմատ աճը կազմել է 18 տոկոս, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ 17.9 տոկոս: Ապրիլին իրականացվել է 39 մլրդ 16.3 մլն դրամի շինարարություն:
Ներքին առևտրի շրջանառությունը հունվար-ապրիլին 5.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 1 տրլն 875 մլրդ 252 մլն դրամ: Մարտի ցուցանիշը ապրիլին գերազանցվել է 1.4, իսկ նախորդ տարվա ապրիլինը՝ 3.2 տոկոսով: Ապրիլին առևտրի շրջանառությունը կազմել է 531 մլրդ 624.4 մլն դրամ:
Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) հունվար-ապրիլին 9.9 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմել է 1 տրլն 173 մլրդ 420.7 մլն դրամ: Ընդ որում, մարտի համեմատ նվազել է 0.8, սակայն նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է 5.6 տոկոսով և կազմել է 308 մլրդ 132.5 մլն դրամ:
Սպառողական գների ինդեքսը հունվար-ապրիլ ամիսներին 2.7 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Մարտի համեմատ գրանցվել է 0.5, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ 3.2 տոկոսի աճ:
Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-ապրիլին 2 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Մարտի համեմատ գներն աճել են 0.7, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ 1.9 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-ապրիլին 2.6 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 3 մլրդ 129.6 մլն կիլովատ ժամ: Մարտի համեմատ արտադրությունը նվազել է 15.1, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ 2 տոկոսով և կազմել է 654.6 մլն կիլովատ ժամ: Ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների արտադրած էլեկտրաէներգիան: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (դեկտեմբեր՝ 894.4, հունվար՝ 879.5, փետրվար՝ 778.7, մարտ՝ 789.2, ապրիլ՝ 667.9) այն նույնպես ներառված չէ:
Միջին ամսական անվանական աշխատավարձի և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել: