Ընդդիմությունը ոչ միայն ձեռք, այլև ոտք է տալի...

2021 թվականի հոկտեմբերի 25-ից 29-ի՝ Ազգային Ժողովի քառօրյան, երկու ուշագրավ փաստով առանձնացավ. ՀՀ վարչապետի աթոռում հայտվածը խոստովանեց, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերին ինքն է հրաման տվել հայկական զինված ուժերին նահանջել մեր դիրքերից:Նա ցինիկ հպարտությամբ ասաց. «Ես եմ տվել հրամանը հետ քաշվելու, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է էդ հրամանը»:

Երկրորդ փաստը՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին բռնի ու բռի ձևով ամբիոնից հեռացնել էր: Երկու այս փաստերը պետք է քաղաքական կատալիզատորի դեր խաղային պառլամետական ընդդիմության համար՝բոյկտոելու նիստերը,օրենքով սահմանված կարգով, դիմելու պատկան մարմիններին: Իսկ ավելի ռադիկալ քայլերի դեպքում, ընդդիմությունն ուղղակի պարտավոր էր ադեկվատ գործողություն իրականացնել՝ գրավելով ամբիոնը և այլ քաղաքական մեթոդներ կիրառեր:

Հետաքրքրական է ոչ միայն այն մթնոլորտը, որում աշխատում են մեր օրենսդիրները, այլև այն անթաքույց ամլությունը, որը դրսևորում է իրեն արմատական համարող խորհրդարանական ընդդիմական մասը:

Վարչապետի աթոռում հայտնված Նիկոլի Փաշինյանի՝ պետական դավաճանության ինքնախոստովանությունից հետո, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն ասաց.«Թե մնացել է իրավապահ մարմին, ինչին ես կասկածում եմ, թող իրենք զբաղվեն վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությամբ և քրեական գործ հարուցեն»: Այսպես կարող էր ասել շարքային քաղաքացին,բայց այսպես չէր կարող հայտարարել ընդդիմության ներկայացուցիչը, որին մենք քարտ-բլանշ ենք տվել պառլամենտում գործել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ինքնավստահ դավաճանության խոստովանության, Նիկալպահ-իրավապահ համակարգի դեմ: Սա «Վանեցյան-2» խաղարկվող քաղաքական ակրոբատիկա՞ է, քաղաքական կամազրկությա՞ն, թ՞ե հարմարվողականության բացահայտ վկայություն:

Ծանրակշիռ քաղաքական պայքարն ենթադրում էր դիմել ՀՀ գլխավոր դատախազին, միջազգային տարբեր դատական կառույցներին,նույն պահին համախմբել համակիրներին և րոպե առաջ ձևավորել հակադրության շարժում: Մինչդեռ Վահե Հակոբյանը թևերն է թափ տալիս ու ուսերից գցում քաղաքական պատասխանատվությունը, որի վերաբերյալ պատկերացում էր ձևավորում մանդատին ձեռք գցելուց առաջ:

Որն է պառլամենտական ընդդիության ռազմավարությունը ԱԺ-ում

Եթե խորհրդարանական ընդդիմադիրները համարում են, որ ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կարող են վերբալ կծոցներով ուշադրություն գրավել և դա է պառլամենտական աշխատանքի իրենց մեյնսթրիմը, ապա, թերևս, խոր մոլորության մեջ են:

Բոլոր բացահայտումներն ու վերլուծություններն արված են, բոլոր տեքստները գրված են, փաստերի մեծ պաշարը համադրված է իշխանությունների որոշումների և վարքագծի հետ: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի՝ հատվածային բանական ադեպների համար, այլևս պարզ է, որ նա հետապնդում է մեկ նպատակ՝ մասնատել Հայաստանը՝դա ներկայացնելով որպես ազգային փրկություն և մնալ իշխանության ղեկին:Իսկ եթե պառլամենտական ընդդիմությունը ուզում է առավել շատ փաստեր կուտակել և ինքնախոստովանական ցուցմունքեր կորզել Նիկոլի Փաշինյանից, ապա դա կարող է անել նրան իշխանությունից հեռացնելով և ԱԱԾ մեկուսարանում դրա ցուցմունքները հավաքագրելով:

Ի՞նչ է անում գործնականում մեր ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Ո՞րն է դրան ուղղված նպատակային գործողությունը: Ինչպիսի՞ ծրագրային քաղաքական պայքար է առաջարկել ընդդիմությունը հանրությանը: Այս հարցերի պատասխանը չկա: Չեմ ստացել այդ պատասխանը նաև օրեր առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ՝ Գյումրիում հանդիպման ժամանակ:

Ի՞նչ է անում ընդդիմությունը, որպեսզի արգելակի, թույլ չտա Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկա օրերին հակապետական հերթական փաստաթղթի ստորագրումը Ռուսաստանում:Այս հարցը ևս չունի պատասխան:Փաստորեն, պառլամենտական հակաիշխանական ուժերը, որոնք այդքան ջերմեռանդորեն ձգտում էին տեղավորվել ԱԺ կարմիր աթոռներ մեջ, ոչ թե Փաշինյանի ձեռքն ու ոտքը, այլ «դամ» են բռնում նրան:

Սա պրոֆանացիա է: Ընդդիմությունը տանում է քաղաքական մանեկենի դեր:Միթե՞ մենք այս որակի ընդդիմություն էինք ուզում տեսնել Ազգային Ժողովում:

Մեծ հաշվով, «Հայաստան», «Պատիվ ունեմ» խորհրդարանական ուժերը գլխացավանք չեն դառնում իշխանությունների համար։
Քաղաքական կրակած և չկրակած փամփուշտերը

Այն, որ ընդդիմության սպասվելիք հանրահավաքը քաղաքական արդյունավետության տեսանկյունից, զրոյական արդյունքով է լինելու, գուժում են ինքը՝ ընդդիմությունը և նախադրյալային ցուցիչները:

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ ընդդիմության քաղաքական բողոքները պետք է կայանային նաև մինչ նոյեմբերի 9,10-ը: Իրականության մեջ պարզ դարձավ, որ դա այսրոպեական, վերբալ խաբեություն էր,  քանզի ընդդիմությունը փողոցային պայքարի ոչ մի հավելյալ նշան, կոդ չի ուղարկել հասարակությանը: Այսինքն, քաղաքական կոնտրէլիտան ապացուցում է՝ չի ուզում նեղություն տալ իշխանությանը, չի ուզում լրացուցիչ բողոքականություն առաջացնել և իր քայլերը թելադրված են դրսի հրահանգներով: Այլ կերպ անհնար է մտածել:

Փաստացի, պառլամենտական ընդդիմությունը չի արձագանքում հանրությունց եկող քաղաքական ընդվզման իմպուլսներին:
«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրում գրված է.«Ապահովելու ենք հավասարակշիռ և հետևողական արտաքին քաղաքականություն՝ առանձնահատուկ տեղ հատկացնելով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, դաշնակցային նոր որակի հարաբերությունների հաստատմանը»:Պրոռուսական վեկտորին նվիրվածությունը ապացուցում է, որ «Հայասատան» դաշինքը կողմնորոշվում է ոչ թե ներհայաստանյան, այլ դաշնակցի ազդակներով:Այլապես, հենց ռուսական վեկտորին հավատարիմ լինելով, կարող էր դիմել, օրինակ, Համայն Ռուսիո Պատրիարքին՝ հետ կանչելու կամ պատժելու Բաքվում ռուսական պատրիարքարանի ներկայացուցիչ նշանակված Ալեքսի Նիկոնորովին՝ նրա հնչեցրած հակահայ ցնդաբանական եզրահանգումների վերաբերյալ:Խոսքն այստեղ հենց ընդդիմության, ոչ թե Հայ Առաքելական եկեղեցու հանձնառության մասին է:

Հենց այդպիսի ակտիվություն է ակնկալում հանրությունը պառլամենտական այդ ուժից, ոչ թե էպիզոդիկ և կարճատև էֆեկտով քաղաքական ելույթներ :

Դաշինքը  բազմաթիվ հնարավորություններ ուներ դառնալու իշխանության սարսափը, իսկ դրսի համար՝ ուժեղ, կայուն, ընկալելի քաղաքական այլընտրանք օրվա իշխանությանը:Սակայն այդ հնարավորությունը, կարծես,միտումնավոր է բաց թողնվել: Հենց այս պահին էլ՝ առկա փաստերից և իրողություններից ելնելով, խորհրդարանական ամենամեծ ընդդիմական քաղաքական միավորը կարող է «նախկին» պիտակը հեռացնել իր վրայից և դառնալ ազգը համախմբող գործոն՝ ընդդեմ ներքին և արտաքին ուժերի չարագործությունների:

Ընդդիմությունը փայլուն վերլուծում է իրավիճակը, բայց լռում է, երբ պահանջվում է գործողություն՝քաղաքական դիակ դարձնելու իշխանություններին: Ընդդիությունը տիրապետում է փաստերի մեծ զինանոցի, բայց փախչում է Նիկոլ Փաշինյանին տապալող քայլից: Հիշենք՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը, որում նա Փաշինյանի վերաբերյալ մեկ սարսափազդու նախադասություն ասաց. «Ես հիմա ասում եմ, ես նրան .... 24 ժամ եմ տալիս, կամ պետք է մի փաստ ներկայացնի, կամ ես էնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա»։

Հարկ է նշել, որ Սերժ Սարգսյանը, ինչպես էլ վերաբերվենք նրան, քաղաքական արժեքավոր ռեսուրս ունի՝ համբերությունն է: Բայց այս դեպքում, նա ուղղակի փախչեց իր խոսքից, սողոսկեց տարբեր հասանելի վայրեր, որպեսզի հաջորդ օրն իսկ, ինքն իրեն պարտվի: Նա հնարավորություն ուներ քաղաքականպես, բարոյապես ոչնչացնելու Նիկոլ Փաշինյանին: Նա կարող էր էապես փոխել քաղաքական իրավիճակը նախընտրական Հայաստանում:Չարեց: Սա՝ Սերժ Սարգսյանի երկրորդ պարտությունն էր, որը չէր կապվում դրսի ուժերի թելադրանքի հետ, այլ քաղաքական հնարավորություն էր տալիս գրողի ծոցն ուղարկել Փաշինյանին:

Իր հերթին «Հայաստան» դաշինքը հնարավություն ուներ իր կողմից բացահայտած և ՀՀ ՍԴ ներկայացրած 100.000 ավելի ընտրակեղծիքների փաստը տարփողելու բոլոր միջազգային ատյաններում, ներկայացնելու եվրոպական բոլոր կառույցներին` քաղաքական աղբաման նետելով Նիկոլ Փաշինյանին:Բայց այդ ուժը կիսաքայլ արեց՝ դրժելով անկանխատեսելի հետընտրական անողոք պայքարի խոստումը՝ ընտրակեղծիքներ հայտնաբերելու դեպքում:

Արմատակա՞ն , թե՞ կառավարելի ընդդիմություն

Եթե անցյալ տարի նոյեմբերի 9-ից հետո, ընդդիմությունը մեղադրում էր հայահայալած Նիկոլ Փաշինյանին գաղտնի, ժողովրդի մեջքի հետևում կապիտուլյացիան ստորագրելու մեջ, ապա նման նոր փաստաթղթի գոյության, գուցեև՝ մանրամասների մասին, ընդդիմությունն այժմ հաստատ գիտի:

2021 թվականի հոկտեմբերի 29-ին hraparak.am-ին տված հարցազրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը բացահայտում է, որ այսօր արդեն իրականացվող սահմանանշումը և սահմանազատումը իրականացվում է 1975-76 թթ. խորհրդային քարտեզներով: «Մենք չենք ստացել պատասխան, թե ինչու է 75-76թթ․ քարտեզն օգտագործվում, դա հրապարակեց փակ քննարկման մասնակից պաշտոնատար անձանցից մեկը, անունը չեմ տա։ Իրականում մեզ համար շոկային էր, թե ինչ իրավական հիմք է դրված 76 թվականի հիմքում՝ սահմանազատում-սահմանագծում իրականացնելու համար։ Չէ՞ որ, վերջին հաշվով, բնագիծը, իրավիճակը, որ առկա է այսօր ՀՀ-Ադրբեջան սահմանին, մեծ հաշվով, պետք է դառնա ելակետային հետագա քննարկումների համար»,- նշել էր ընդդիմադիր պատգամավորը:

Փաստորեն, ընդդիմությունը շոկ է ապրում իշխանությունների դավաճանության՝ ամեն օր բացվող նոր էջերից, բայց գործնականում դրա դեմ պայքարելու,պայքարի ոսկե ժամանակը ճիշտ օգտագործելու հարցում, զրո աշխատանք է իրականացնում:

Ուստի, «մենք ոչնչից տեղյակ չենք», «մենք լծակ չունենք» պղպջակային պնդումներն այժմ դեվալվացված են: Նման մաշված հռետորաբանությունը կփաստի ընդդիմության գաղափարական բոբիկության, գործնականության բացակայության մասին:

Ստացվում է՝ անունով արմատական, բայց գործնականում հարմարվողական ընդդիմությունն ուղղակի հեշտ կոտրվող ընկույզ է իշխանությունների համար:

Այս ընդդիմության ատամները Նիկոլ Փաշինյանը հաշվել է: Եվ դրան նպաստել է հենց ինքը՝ ընդդիմությունը՝ իր ոչ հետևողական, սինուսոիդալ վարքագծային կորով:

Չկա հստակ նպատակ, չկա կուռ քաղաքական դիմադրության գիծ:

Այս ընդդիմությունը ձեռք ու ոտք է տալիս Նիկոլ Փաշինյանին:Մի քիչ կաղմկեն, մի քիչ կքաշքշեն, մի քիչ կհայհոյեն իրար, բայց այդ ամենը քաղաքական հետք եւ հետևանք չի թողնի: Այս ընդդիմությունը չի ձգտում խորքային ընդվզման, այն միայն իմիտացնում է հակադրությունը:

Դեռ ոչինչ չի արվել ընդդիմության կողմից ժողովրդի ներքին ապստամբությունը ջրի երես հանելու և այն որպես քաղաքական ռեսուրս օգտագործելու:

Դավաճան հարամները և կեղծավոր հարմարները, ցավոք, մեզ էլի խաբելու են:

Լիլիթ Աղեկյան