Ընդդիմությունն իշխանության մաս է, էդ դեպքում...

Երկրում ընտրություններ են տեղի ունենում, և մի քաղաքական ուժը հավաքում է 51% ձայն, մյուս քաղաքական ուժը հավաքում է 49% ձայն, իշխանությունը 51% ձայն ունեցողինն է, բնականաբար, բայց երբ մենք 51%-ը և 49%-ը, պրոյեկտում ենք հանրության վրա, ապա մենք տեսնում ենք, որ դրանք ընդհանուր առմամբ հավասար են։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12–ին, ԱԺ–ում ՊԵԿ–ի տարեկան զեկույցի լսումների ժամանակ ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«51%-ը շատ չի տարբերվում 49 տոկոսից, բայց տեսեք, 51%-ը, 49%-ին ասում է դու չկաս։ Այսինքն ո՞նց չկա։ Վարչապետն էլ՝ դիմելով ընդիմադիր պատգամավորին, ասեց, որ դուք իշխանության մաս եք ու դա ճիշտ է։ Իհարկե, որոշակի կարգավորումներ կան այսօր, խորհրդարանում ընդդիմադիր ուժերը ստանում են որոշակի պաշտոններ, պորտֆելներ։ Դա շատ լավ է, բայց դա պետք է դուրս գա խորհրդարանից և նաև դրսում այդ համամասնությունը որոշ իմաստով պետք է պահպանվի, որ ընդդիմությունը ամեն տեղ իրեն զգա իշխանության մաս։ Դրանից կշահի հենց տնտեսությունը, հենց ժողովրդավարությունը և մնացած բաները»,–ասաց պատգամավորը:

Աղազարյանը առաջարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տալ ընդդիմությանը, որպեսզի ուսումնասիրեն իշխանության ներսում կոռուպցիոն դրսեւորումները, և քաղաքական դիվիդենտներ շահի։

«Կոռուպցիայի դեմ իրապես պայքարող իշխանությունն էլ՝ դատախազություն, ԱԱԾ և այլն, համապատասխան իրավական ընթացք կտան այդ ամեն ինչին և բոլորը կշահեն»,–ասաց նա։