Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով վաղը պետք է մեկնի Մոսկվա։ Այս մասին տեղեկացրել էր իր մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն»,-գրել էր խոսնակն իր ֆեյսբուքյան էջում։
Փաշինյանի այցը Մոսկվա պատրաստվում էին խափանել ընդդիմադիր գործիչները։ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը և ընդդիմության տասնյակ ներկայացուցիչներ հայտարարել էին, որ պատրաստվում են հունվարի 11-ին ժամը 08։00-ին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանի մոտ և արգելել Փաշինյանին գնալ Մոսկվա։
Ընդդիմադիրների նախաձեռնությունը լայն տարածում գտավ և կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Փաշինյանն, ի հեճուկս, իր խոսնակի հայտարարության` Մոսկվա է մեկնել այսօր՝ հունվարի 10-ին։ Այս մասին տեղեկացրել էր ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը․ «Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս Մոսկվայում է, ու այստեղ միտինգը չենք տեսնի, մնաց Հայաստանի Հանրապետության դեմ Արա Աբրահամյանի միտինգը տեսնենք․․․»,-գրել է Սաֆարովը։
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը սակայն պնդում է, որ Փաշինյանը դեռ Հայաստանում է և իշխանական քարոզիչ Սաֆարովը նպատակային փորձում է մոլորեցնել ընդդիամդիրներին․«Իշխանական աղբյուրները կեղծ լուրեր են տարածում, թե իբր դավաճանն արդեն մեկնել է Մոսկվա: Իմ հավաստի տվյալների համաձայն դավաճանը դեռ Երևանում է: Ինչպես ասել եմ՝ առավոտյան ժամը 08:00 լինելու եմ օդանավակայանի տարածքում, որ թույլ չտամ դավաճանի մեկնումը»,-գրել է Բաբայանը:
Եթե իրականում Փաշինյանն արդեն գնացել է, ապա ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը նախապես պլանավորածից վաղ է մեկնել Մոսկվա, որպեսզի չհանդիպի իր ճանապարհը փակող ընդդիմադիրներին։ Սա, ի դեպ, երկրորդ դեպքն է, երբ վախենալով հանդիպել ընդդիմադիրներին` Փաշինյանը փոխում է իր պլանները, առաջին անգամ հունվարի 6-ին նա չգնաց սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի մասնակցելու սուրբծննդյան պատարագին, որին պետության ղեկավարները մշտապես մասնակցում են։



