Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, համաշխարհային կազմակերպության Հակաահաբեկչական վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովի հետ կայացած հանդիպմանը հայտնել է 2027-2028 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամների կազմում հանրապետության թեկնածության առաջադրման մասին։ Այս մասին հաղորդել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում նախագահը հայտնել է 2027-2028 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի համար Ղրղզստանի թեկնածության առաջադրման մասին: Ընտրությունները տեղի կունենան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում՝ 2026 թվականի հունիսին», - ասված է հաղորդագրության մեջ։
Նախագահի խոսքով՝ Ղրղզստանը «համակողմանիորեն հանձնառու է» ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և ձգտում է իր ուժերի ներածին չափով ներդրում ունենալ «ամբողջ աշխարհում խաղաղության, գլոբալ անվտանգության, կայուն զարգացման և սոցիալական առաջընթացի ապահովման» ընդհանուր գործում։
Ժապարովը նաև հիշեցրել է, որ 2023 թվականին ՄԱԿ-ի աջակցությամբ երկրում ընդունվել է 2023-2027 թվականներին ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի պետական ծրագիր։
«Նախագահը նշել է, որ տարածաշրջանային մակարդակով Ղրղզստանը հաջողությամբ համագործակցում է ՄԱԿ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ ծայրահեղականության կանխման և ահաբեկչությանը հակազդման, ինչպես նաև դրանց հետ կապված անդրսահմանային հանցավորության այլ տեսակների դեմ համատեղ գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում, ներառյալ՝ թմրավաճառությունը, փողերի լվացումը և ահաբեկչության ֆինանսավորումը», - նշված է հաղորդագրության մեջ։
Նախագահը նաև ընդգծել է, որ հանրապետությունը վճռականորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և ակտիվ մասնակցություն է ունենում ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման գործում, որը «հաստատուն հիմք է ապահովում միջազգային ահաբեկչությանն արդյունավետ հակազդման համար»: