Աստանայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ բանակցությունների ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ նպաստելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին հաղորդում է Ղազախստանի նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ Գրոսին դա հնարավոր է համարել։
«Տոկաևը վերահաստատել է մեր երկրի պատրաստակամությունը՝ բացառապես բարի կամքից ելնելով նպաստելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը՝ համապատասխան միջազգային համաձայնագրերի առկայության դեպքում։ Ռաֆայել Գրոսին, նշելով Ղազախստանի դերը և գործնական ներդրումը համաշխարհային միջուկային անվտանգության ամրապնդման գործում, աջակցություն է հայտնել մեր երկրի ազնիվ մտադրություններին», - նշված է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունը հավելել է, որ Գրոսիի կարծիքով՝ Ղազախստանն «ունի անհրաժեշտ քաղաքական իշխանություն, համապատասխան ենթակառուցվածքներ և գիտատեխնիկական բազա՝ հնարավոր համաձայնագրերն իրականացնելու համար»։



