ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է երկրի դատաիրավական համակարգում տիրող կոռուպցիայի մասին: Նման քննադատության առիթ է դարձել հոկտեմբերի 1-ի ճեպազրույցում հնչած այն հարցը, թե իշխանությունները պատասխանատվության են ենթարկում քաղաքական ընդդիմադիրներին, մինչդեռ գործարքի գնացողները ազատության մեջ են:
Հակադարձելով այդ դիտարկմանը՝ Փաշինյանն ընդգծել է, որ բազմաթիվ քաղաքական ընդդիմադիրներ գտնվում են ազատության մեջ, մինչդեռ լրագրողի տրամաբանությամբ՝ բոլոր ընդդիմադիրները կամ առնվազն նրանց մեծ մասը պետք է որ բանտում լինեին:
«Տեսա՞ք՝ Գագիկ Խաչատրյանի գործով ինչ եղավ: Ո՞վ է պատասխան տալու: Այն, որ նա այս վիճակում է (նկատի ունի ազատության մեջ լինելը) և դատարանի վճիռ չկա, կոռուպցիայի արդյունք է. չի բացառվում, որ այն կարող է համակարգային լինել: Մինչև ո՞ր մակարդակն է այն հասնում: Բոլոր նրանք, ովքեր դեռ ազատության մեջ են, կոռուպցիայի արդյունք է: Իրենց մաֆիոզ կապերով լուծում են իրենց հարցերը», — հայտարարել է Փաշինյանը՝ վերահաստատելով բոլորին ճաղերի ետևում պահելու իր խոստումը: Նրա խոսքով՝ համակարգային այս կոռուպցիան դեռևս արմատախիլ չի արվել, քանի որ օրենսդրության համաձայն՝ դատաիրավական համակարգն անկախ է, իսկ դրա հետևում թաքնվողները (ակնհայտորեն՝ դատավորները) պաշտպանում են ոչ թե պետությունը, այլ կոռուպցիոն կլանները:
«Ինչ-որ X պահի ժողովրդի համբերության բաժակը լցվելու է, և անգամ կառավարությունը, հնարավոր է, չկարողանա պահել իրավիճակը: Որքա՞ն կարելի է ծաղրել: Մեկ տա՞րի, ութ տա՞րի: Հանցագործը պետք է նստի բանտում, ինձ համար այլ սկզբունք չկա: Դատաիրավական համակարգը պետք է որոշի՝ ով է հանցագործ, ով՝ ոչ», — հայտարարել է վարչապետը:



