
Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարությունը կստուգի «Russia Today»-ի Sputnik-Ղազախստան մեդիա խմբի տեղական ներկայացուցչությունը՝ հանրապետության օրենսդրության խախտումների համար։ Այս մասին հայտնել է հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։
«Իրավական տեսանկյունից ես այս հարցը համակողմանիորեն կդիտարկեմ: Իրոք, դա չպետք է տեղի ունենա: Մենք նախազգուշացում կուղարկենք Sputnik գործակալությանը: Հիշեցնեմ, որ Sputnik-ը արտասահմանյան լրատվամիջոց է: Մենք այդ հարցը կքննարկենք համապատասխան իրավական փորձագետների հետ: Դրանից հետո նախարարությունը իրավական տեսանկյունից անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի»,- ասել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով ղազախստանյան պարբերականներից մեկի հարցին՝ թե ինչպես է գերատեսչությունն արձագանքում նրան, որ Sputnik-Ղազախստանը գրել է մի ղազախստանցու մասին, որը մասնակցել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը:
2024 թվականի մայիսի 22-ին ռուսական Sputnik Ղազախստան գործակալության ղազախական մասնաճյուղը հոդված է հրապարակել, որը քննարկումների փոթորիկ է առաջացրել։ Հոդվածը ծնունդով ղազախստանցու մասին էր, ով կամավոր պատերազմ էր գնացել Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից։ Նյութը նրան ներկայացնում էր որպես հերոս «հատուկ ռազմական գործողության» համատեքստում։
Սակայն Ղազախստանում արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելը, այդ թվում՝ վարձկանության, քրեական հանցագործություն է, հայտնում է Lada.kz-ն։