Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) նախկին առաջին փոխնախագահ, նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի զարմիկ Սամատ Աբիշը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման ծառայողական լիզաորությունների չարաշահման համար, տեղեկացրել է «Կազինֆորմ» պետական գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Աբիշը երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եղբոր որդին է։ Ավարտել է Ղազախստանի ԱԱԿ ակադեմիան եւ Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզական ծառայության ակադեմիան։ 2013թ. մարտից մինչեւ 2015թ. դեկտեմբեր զբաղեցրել է ԱԱԿ փոխնախագահի պաշտոնը։ 2015-ից եղել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալը։
2022թ. հունվարի 8-ին ԱԱԿ-ն տեղեկացրել է, որ ձերբակալել է կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովին պետական դավաճանության կասկածանքով, իսկ հունվարի 13-ին նշել է, որ սկսվել է հետաքննություն իշխանության բռնի զավթման գործով։ Մասիմովի հետ միասին ձերբակալվել են կոմիտեի նախկին աշխատակիցներ Անուար Սադիկուլովը եը Դաուլեթ Երգոժինը։ Աբիշը ազատվել է ԱԱԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից, հրամանագիրը ստորագրել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։
2023թ. մարտին գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ ԱԱԿ նախկին ղեկավարության գործերը կապված են հունվարյան անկարգությունների հետ, որոնց իսկական նպատակը, քննության տվյալներով, պետական հեղաշրջման իրականացումն էր։