Ղազախստանի դատարանը Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին՝ կնոջ սպանության համար 24 տարվա ազատազրկման է դատապարտել, հայտնում է Tengrinews-ը։
Բիշիմբաևը մեղավոր է ճանաչվել ծայրահեղ դաժանությամբ և խոշտանգումներով սպանության հոդվածներով։ Գործը քննվել է երդվյալ ատենակալների կողմից։
Բիշիմբաևի զարմիկը՝ Բակիժան Բայժանովը, չորս տարվա ազատազրկման է դատապարտվել՝ թաքցնելու և հանցագործությունը չհայտնելու մեղադրանքով։
Բիշիմբաևի գործը Ղազախստանում ակտիվացրել է հանրային քննարկումներն ընտանեկան բռնության ենթարկված մարդկանց օրենսդրական պաշտպանություն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ: Երկիրն արագորեն ընդունեց օրենք, որը խստացնում էր պատիժները ծանր մարմնական վնասվածքների համար, ինչպես նաև նախատեսում էր աջակցության կենտրոնների ստեղծում՝ ընտանեկան բռնության զոհերին օգնություն ցուցաբերելու համար:
Բիշիմբաևը 2016 թվականին մի քանի ամիս ղեկավարել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարարությունը։ 2018 թվականին նա կոռուպցիայի մեղադրանքով տասը տարվա ազատազրկում է ստացել, սակայն մեկուկես տարի անց պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։