«Եթե դուք կարծում եք, որ պետությունն անընդհատ պետք է ներպետական ինչ-որ միջոցառումներ անի, գիտե՞ք, պետությունն էդպես չի կայանում»,- անդրադառնալով ավտոներկրման խնդիրներին՝ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
ՊԵԿ նախագահն ասաց, որ 2019 թվականի ընթացքում 189 հազար մեքենա է ներկրվել Հայաստան։ Իսկ, թե որքանն է ներմուծվածներից դուրս եկել Հայաստանից դեպի Ռուսաստան, Ղազախստան՝ Անանյանը դժվարացավ նշել։ «Պատկերացրե՛ք՝ հայկական համարանիշներով հատում է սահմանը։ Դու չգիտես՝ էդ մեքենան գալո՞ւ է, թե՞ գնացել է ու չի վերադառնալու»,- պարզաբանեց նա։
2019 թվականին Հայաստանի Հանրապետության ավտոներկրողները բազմաթիվ ավտոմեքենաներ էին վաճառել Ղազախստանի քաղաքացիներին։ Վերջիններս Հայաստանից մեքենան տանում էին առանց մաքսատուրքի, քանի որ Հայաստանում դեռ Եվրասիական տնտեսական միության օրենսդրության կետը չէր գործում, ավտոմեքենաները բերվում էին համեմատաբար էժան մաքսատուրքով։ Սակայն հետագայում հայտնի դարձավ, որ Ղազախստանում խնդիրների առջև են կանգնել ղազախները․ կամ պետք է թանկ գնով մաքսազերծեն, կամ քանդեն և վաճառեն մասերը, կամ էլ վերադարձնեն հայ սեփականատերերին։