Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Նոր Նորք): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
«Այստեղ հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:
Ի մասնավորի՝
- արտադրամասի և պահեստային հատվածի պատերի, հատակի մակերևույթի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, ունեցել են վնասված, անհարթ հատվածներ,
- առաստաղը եղել է վնասված, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու վտանգը,
- բացվող ներքին պատուհանը և օդահեռացման համակարգի կողային հատվածները չեն ունեցել պաշտպանիչ միջատապաշտպան ցանցեր,
- կոյուղու համակարգի մի հատված նախագծված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, ունեցել են վնասված հատվածներ։
«Արզնի կաթնամթերք» ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ու կաթի և կաթնամթերքի արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված նորմերին:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»։



