Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 26 հազար 233 անձ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ևս 6696 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար, նրանց դիմումները մշակման փուլում են։
Այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։
Պատգամավորը նկատեց, որ բնակարանային ապահովման աջակցության պետական ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման է ՀՀ քաղաքացիություն ունենալը։ Նա փոխանցեց լսած որոշ մտահոգությունները, թե իբր ՀՀ-ն մերժում է շատ մարդկանց ՀՀ քաղաքացիություն տրամադրել։ Թունյանը հետաքրքրվեց թվերով։
«Այսօրվա դրությամբ քաղաքացիություն են ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26 հազար 233-ը, որից 16 հազար 919‑ը՝ չափահաս, իսկ 8 հազար 314-ը՝ անչափահաս։ Քաղաքացիության համար դիմած և դեռևս մշակման փուլում գտնվող քաղաքացիների թիվը կազմում է 6696 անձ»,-ասաց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է քաղաքացիությունը մերժելու լուրերին՝ նա ասաց, որ նման տեղեկություն չունի, նման ահազանգ չեն լսել։
Հայաստանի կառավարությունը 2024 թվականի մայիսին հաստատել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրից օգտվելու պարտադիր պայման է ՀՀ քաղաքացիություն ստանալը։



