Ղարաբաղյան երկրորդ պատերազմը եւ հայտնի եռակողմ Հայտարարությունը ըստ էության բավական բարդ իրադրություն է ստեղծում ոչ միայն քաղաքական առումով, այլ նաեւ մշակութային, քանի որ օրակարգ է բերվում Ադրբեջանին անցած տարածքների քրիստոնեական մշակութային ժառանգության, քրիստոնեական կրոնական պաշտամունքային օբյեկտների պահպանության հարցը։
Այս առնչությամբ արդեն բավականին մտահոգություններ հնչել են, որոշակի գործնական քայլեր էլ միայն ռուսական կողմից կատարվել են, սակայն ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանը որպես պետություն միայն դեռ շարունակում է ոչ մի արժեք չունեցող «հանդարտեցնող» հայտարարություններ անել, որոնք միայն քարոզչական նշանակության են եւ հիմնականում այն տրամաբանության մեջ, որ Ադրբեջանին անցած տարածքներում գտնվող պատմական եւ մշակութային ժառանգությունը կպահպանվի որպես Ադրբեջան պետության պատմական ժառանգություն, ինչի մասին ուղիղ տեքստով հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հասկացնելով հատկապես Արեւմուտքին, որ իրենք իրենց ունեցվածքի համար հոգ կտանեն ու կարիք չկա քիթ խոթել իր ներքին գործերի մեջ։
Կարելի է արդեն այժմվանից արձանագրել, որ խնդիրը, ինչպես նաեւ Ղարաբաղյան խնդիրն առհասարակ, կամաց-կամաց դառնում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական վերադասավորումների եւ վերաձեւումների «քաղաքական առեւտրի» առարկաներից մեկը։ Արեւմուտքն ամենայն հավանականությամբ Կովկասի վերաբաժանման պրոցեսի ընթացքում դեռ այս հարցերն օգտագործելու է իր շահերը սպասարկելու, եւ հարկ եղած դեպքում, ինչու չէ, այս խնդիրները որպես մանրադրամ «խուրդելու» համար, ուստի Երեւանը հարկ է, որ լինի չափազանց ուշադիր ու հանկարծ չսկսի «պարել» այդ «դուդուկի նվագի տակ», այլապես ունենալու ենք չափազանց ծանր հետեւանքներ նաեւ մշակութային առումով։
Հետպատերազմական այս կարճ ժամանակահատվածում մենք արդեն տեսանք Դադիվանքի օրինակով, որ գործնականում միայն ռուսները ինչ որ քայլեր ձեռնարկեցին, եւ հիմա պետք է հենց ռուսական այս գիծը շարունակել, փրկելու համար մեր քրիստոնեական մշակութային ժառանգության մասնիկները, որ հիմա դեռ կան ու գտնվում են արդեն Ադրբեջանի հսկողության ներքո։



