Միացյալ Նահանգները մայիսի 14-ին Վաշինգտոնում կայացած Իսրայել-Լիբանան բանակցությունները արդյունավետ և դրական է որակել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Պետդեպարտամենտի պաշտոնյան, որի անունը չի նշվում, հայտնել է, որ մայիսի 15-ին կողմերը կշարունակեն քննարկումները՝ ուղղված հակամարտությանը վերջ դնելուն։
Նրա խոսքով՝ լիբանանցի և իսրայելցի դեսպանների հանդիպումն առաջին օրը շարունակվել է ութ ժամ։
Լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում, ավելի վաղ հայտարարել էր, որ Լիբանանը բանակցությունների ժամանակ կպահանջի, որ Իսրայելը դադարեցնի կրակը։
Իսկ Իսրայելի կառավարության խոսնակը հայտարարել է, որ բանակցությունների նպատակը «Հեզբոլլահ»-ին զինաթափելն ու խաղաղություն հաստատելն է։
Նշենք, որ սա կողմերի միջև բանակցությունների երրորդ փուլն է։
Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։ Իսրայելը նախորդ ամիս ընդլայնել է իր ցամաքային ներխուժումը Լիբանանի հարավում։
Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են։ Հրադադարի ժամկետը լրանում է մայիսի 17-ին։



