Վրաստանում ստորագրահավաք է սկսվել՝ ռուսաստանց...

Վրաստանի քաղաքացի Գիորգի Կալատոզիշվիլին համացանցում ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով սահմանափակումներ մտցնել «օկուպանտ երկրի՝ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ»։

Երկրի անվտանգությունը պաշտպանելու նպատակով սեպտեմբերի 22-ից սկսված ստորագրավաքին միացել է 7 հազար 649 քաղաքացի։

«Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, գտնում ենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ առանց վերահսկողության Վրաստան մուտք գործած ՌԴ քաղաքացիները և նրանց բիզնեսի գրանցումը, անշարժ գույքի ձեռքբերումը և քաղաքացիություն ստանալը վտանգ են ներկայացնում Վրաստանի անվտանգության և կայունության համար՝ ավելի մեծացնելով Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանում»,- նշված է ստորագրահավաքի տեքստում։

Ստորագրահավաքի մասնակիցները դիմում են Վրաստանի իշխանություններին անհապաղ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու պահանջով, իսկ երկիր թույլ տալ մուտք գործել միայն քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց։

«Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների համար անշարժ գույքի գնման մորատորիում սահմանել, սահմանափակել բռնազավթող երկրի քաղաքացիների տնտեսական գործունեությունը։

Մենք կարծում ենք, որ եթե այդ սահմանափակումները կիրառվեն Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, կկրճատվեն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ռիսկերը, նաև՝ Վրաստանում Պուտինի ռեժիմի կողմից Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմքով սադրանքների վտանգը»,- նշված է տեքստում։

Հատկանշական է, որ այս իրադարձությունների ֆոնին Հյուսիսային Օսիայի (ՌԴ տարածքում) պետական ​​ավտոտեսչությունը Ռուսաստանի քաղաքացիներին խնդրում է զերծ մնալ վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետով Վրաստան մեկնելուց։

Նրանց փոխանցմամբ, վերջին տվյալների համաձայն՝ ռուսական կողմում հավաքված է ավելի քան 2 300 մեքենա, ինչը բարդացնում է անցակետի աշխատանքը։

Նշենք, որ Ռուսաստանի քաղաքացիները սկսել են լքել երկիրը անմիջապես այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին զորահավաք հայտարարեց։

Աղբյուր՝ aliq.ge