Իրանում իշխանությունը միատարր չէ։ Պայմանականորեն գոյություն ունեն բարեփոխական և պահպանողական թևեր։ Գործող նախագահ Մասուդ Փեզեշքիանը բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ է, որը ավանդաբար ավելի հակված է Արևմուտքի հետ բանակցություններին և փոխզիջումների որոնմանը։
Հայաստանի իշխանությունները հիմնականում հենց այս թևից հնչող համեմատաբար մեղմ հայտարարությունների վրա էին հենվում՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե Իրանը սկզբունքային խնդիր չունի TRIPP-ի հետ, իսկ առկա մտահոգությունները հնարավոր է բանակցություններով հարթել։
Սակայն Իրանի ուժային համակարգից հնչած վերջին հայտարարությունը էապես փոխում է պատկերը։
Իրանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին հայտարարել է, որ, հակառակ հայկական կողմի պնդումներին, TRIPP-ի հարցով Հայաստանի հետ որևէ նախնական համաձայնություն ձեռք չի բերվել։
Ավելին՝ նա ընդգծել է, որ կողմերի միջև «ո՛չ իրական փոխըմբռնում կա, ո՛չ էլ ընդհանուր լեզու», իսկ Իրանը Հայաստանին հստակ ներկայացրել է իր կարմիր գծերը։
Սա արդեն սովորական դիվանագիտական վերապահում չէ։ Սա փաստացի հերքում է այն պատկերացումը, թե Իրանի հետ խնդիրը կարգավորված է կամ մոտ է կարգավորմանը։
Առավել ուշագրավ է Սաֆավիի բացատրությունը․ եթե Իրանը դեմ է ԱՄՆ ներկայությանը Պարսից ծոցում, ինչո՞ւ պետք է համաձայնի ամերիկյան ներկայությանը Հարավային Կովկասում։ Այսինքն՝ Թեհրանի համար խնդիրը պարզապես ճանապարհը չէ։ Իրանը TRIPP-ը դիտարկում է իր սահմանների մոտ ամերիկյան ռազմավարական ներկայության տեսանկյունից։
Սաֆավին նույնիսկ զգուշացրել է, որ եթե երթուղու անվտանգության պատասխանատվությունը փոխանցվի ամերիկյան զինված ուժերին, Իրանը պահպանում է հակազդելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը։
Այս հայտարարությունից հետո արդեն դժվար է հանրությանը համոզել, թե Իրանի մտահոգությունները երկրորդական կամ տեխնիկական բնույթ ունեն։
Միաժամանակ իրանական դիրքորոշման մեջ կա չափազանց կարևոր նրբություն։ Սաֆավին ասում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե հայ սահմանապահներն ինքնուրույն վերահսկեին սահմանն ու երթուղիները։ Հետևաբար Իրանի խնդիրը ոչ այնքան ճանապարհի գոյությունն է, որքան դրա շուրջ ամերիկյան անվտանգային ներկայությունը։
Եվ այստեղ Հայաստանի իշխանությունների համար առաջանում է շատ պարզ հարց․ TRIPP-ի շուրջ բանակցելիս նրանք հաշվի առե՞լ են Իրանի պետական համակարգի իրական կարմիր գծերը, թե՞ պարզապես ընտրել են Թեհրանից հնչող իրենց համար հաճելի հայտարարությունները և դրանք ներկայացրել որպես ամբողջ Իրանի դիրքորոշում։
Հայաստանին ճանապարհներ և տնտեսական հաղորդակցություններ անհրաժեշտ են։ Բայց որևէ ճանապարհ չպետք է Սյունիքը դարձնի ԱՄՆ-Իրան աշխարհաքաղաքական հակամարտության նոր սահմանագիծ։
Սաֆավիի հայտարարությունը հենց այդ մասին է զգուշացնում։
Ճանապարհները կարելի է փոխել, պայմանագրերը՝ վերանայել, իշխանությունները՝ փոխել։ Իսկ Իրանը Հայաստանի հարևանն է եղել մինչև TRIPP-ը և մնալու է Հայաստանի հարևանը նաև TRIPP-ից հետո։



