Վրաստանում արձագանքել են ԱՄՆ դեսպանատան կողմի...

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մայիսի 7-ին հաղորդագրություն է տարածել Թբիլիսիի 3 առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքի մասին։ Արձագանքելով այս հաղորդագրությանը՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը դիվանագիտական առաքելություններին կոչ է արել հարգել անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունների գործունեությունը։

ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է Թբիլիսիի երեք մոլերի՝ «East Point»-ի, «Galleria Tbilisi»-ի և «Tbilisi Shopping Area»-ի դեմ առկա ռումբի սպառնալիքի մասին և կոչ է արվում առաքելության բոլոր աշխատակիցներին «խուսափել այս վայրերից՝ մինչև հետագա ծանուցում»։

Ըստ Վրաստանի հանրային հեռարձակող ընկերության՝ երկրի Պետական ​​անվտանգության ծառայությունն (ՊԱԾ) արձագանքել է ԱՄՆ դեսպանատան կողմից տրված նախազգուշացմանը՝ շեշտելով, որ ՊԱԾ համապատասխան ստորաբաժանումներն աշխատում են ևս մեկ կեղծ հաղորդագրության վրա։

«Մենք կոչ ենք անում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​առաքելություններին հարգել անվտանգության համար պատասխանատու ծառայությունների գործունեությունը, ցուցաբերել ավելի մեծ պատասխանատվություն և զերծ մնալ համապատասխան գերատեսչությունների հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելուց», – ասվում է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։