Վրաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են ռազմավարական գ...

Թբիլիսին և Վաշինգտոնը քննարկում են նախկինում գոյություն ունեցած ռազմավարական գործընկերության վերականգնման կամ երկկողմ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցը։  Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին՝ Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում։

«Մենք բանակցում ենք և ռազմավարական գործընկերության ձևաչափ ենք փնտրում։ Եթե չենք ցանկանում վերականգնել նախկինում գոյություն ունեցած ռազմավարական գործընկերությունը, ապա կարող ենք քննարկել նոր ձևաչափ»,- ասել է Բոճորիշվիլին։

Նախարարը հիշեցրել է, որ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Վրաստանի նկատմամբ ամերիկյան իշխանությունների հռետորաբանությունը փոխվել է՝ համեմատած Ջո Բայդենի նախագահության ժամանակահատվածի հետ։

Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները վատթարացել են 2024 թվականին՝ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո։ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի գործընթացը սառեցնելու մասին հայտարարությունից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է երկրի հետ ռազմավարական գործընկերությունը։

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց առաջ Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ հույսեր են կապում ԱՄՆ-ում իշխանափոխության և երկու երկրների հարաբերությունների վերագործարկման հետ։ Վրաստանի ղեկավարությունը նաև բազմիցս հայտարարել է, որ սպասում է ԱՄՆ-ի պատասխան քայլերին։