Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի առջև, ցույց են անցկացրել՝ բողոքելով տեղական մարմինների ընտրությունների արդյունքների դեմ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ցույցի մասնակիցները փակել են երթևեկությունը Ռուսթավելի պողոտայում։
Ակցիան կազմակերպել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիան։ Նա ընտրությունների ժամանակ պայքարում էր Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար։
Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ տեղական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով 20 քաղաքապետներից 19-ը իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուներն են ընտրվել, այդ թվում 5 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումում, Փոթիում և Քութաիսում։



