Վրաստանի վարչապետը եվրախորհրդարանականներին մե...

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկակի ստանդարտ Է համարել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) կոչը՝ Եվրամիությունում ընդունելու օտարերկրյա գործակալների գրանցման (FARA) վերաբերյալ ԱՄՆ-ի օրենքի նմանօրինակը: Այդ մասին  տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման դեմ հանդես են եկել ինչպես իշխանությունների ընդդիմախոսները, այնպես Էլ արևմտյան գործընկերները, չնայած այն հանգամանքին, որ օրինագծի նախաձեռնողները և իշխող կուսակցությունը պնդում էին, որ այն անհրաժեշտ է միայն ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելու համար։

Օրենքի ընդունման հակառակորդների թվում էր նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։

«Սրանք երկակի ստանդարտներ են: Մեր ժողովուրդը տեսնում է և ժամանակի ընթացքում Է՛լ ավելի կտեսնի, որ եթե մենք ինչ-որ բան անում ենք կամ ցանկանում ենք անել, ապա ամեն ինչ համապատասխանում է համաշխարհային գործելակերպին և միտումներին, որոնք այսօր զարգանում են ամբողջ աշխարհում և ամբողջ Եվրոպայում», - Ղարիբաշվիլին հայտնել Է լրագրողներին:

Վարչապետի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները ուշադրությամբ հետևելու են այս նախաձեռնության քննարկմանը։

«Դուք հիշատակել եք ԵԺԿ-ի նախաձեռնությունը, որը կապված է ամերիկյան օրենքի նմանօրինակի, այսպես կոչված՝ FARA-ի ընդունման հետ, ինչը պարտադիր կդառնա Եվրամիության համար: Անպայմանորեն, մենք ուշադիր հետևելու ենք այդ գործընթացին, այդ նախաձեռնության քննարկմանը և դրանից հետո մենք մեր գնահատականները կտանք», - նշել Է Ղարիբաշվիլին։