Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ուկրաինային առաջարկել է վերանայել «ոչ բարեկամական» վերաբերմունքն իր երկրի հանդեպ, տեղեկացրել է «Грузия Online»-ը։
«Ուկրաինան հետ է կանչել դեսպանին Վրաստանից 2022թ. մարտի 1-ին երկու պատճառով՝ մենք երկկողմ պատժամիջոցներ չենք մտցրել Ռուսաստանի դեմ եւ զինված կամավորներ չենք ուղարկել ինքնաթիռներով, ինչի պատճառով Ուկրաինան ոչ բարեկամական որոշում է կայացրել,- ասել է Կոբախիձեն լրագրողներին։- Եթե Ուկրաինան ցանկանում է ինչ-որ բան վերանայել մեր հարաբերություններում, ապա պետք է դա առաջինն անի»։
Նրա խոսքով՝ Կիեւի պաշտոնատար անձինք «բացահայտ մեզ կոչ են արել «երկրորդ ճակատ» բացել»։
Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությանը դրան էր կոչում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «հերոս» է անվանում»։
«Մենք մնում ենք Ուկրաինայի հետ միակողմանի բարեկամության ռեժիմում»,- նշել է նա։
Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Խարիշինը Թբիլիսիի վրա է դրել հարաբերությունների վերականգնման գործընթացի խափանման պատասխանատվությունը դեսպանների մակարդակով եւ տեղեկացրել է, որ Կիեւը մտադիր չէ հանձնել վրացական կողմի փնտրած եւ Ուկրաինայի ուժային կառույցներում աշխատող նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլուն եւ ՆԳ փոխնախարար Գեորգի Լորդքիփանիձեին։



