Վրաստանում 2026 ուսումնական տարվանից պետական համալսարաններ ընդունվածներն ուսման վարձ չեն վճարելու. պետությունն ամբողջությամբ կստանձնի ֆինանսավորումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ճեպազրույցի ժամանակ, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
«Մեր կառավարության օրոք նախադպրոցական կրթությունը դարձել է անվճար, ինչպես նաև ընդհանուր կրթությունը, ինչպես գիտեք, լիովին անվճար է, և դրան գումարվում է կրթության երրորդ մակարդակը՝ բարձրագույն կրթությունը, որը նույնպես անվճար է դառնում։ Հաջորդ տարվանից և հաջորդող տարիներին կրթությունն անվճար կլինի պետական համալսարաններ ընդունված բոլոր ուսանողների համար։ Մեր առաջնահերթություններից է երիտասարդներին աջակցելն ու նրանց ֆինանսական վիճակի բարելավելը»,- ասել է Կոբախիձեն։



