Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցուցադրաբար չի շնորհավորել վրացի դիվանագետներին մասնագիտական օրվա առիթով։ Այս մասին պետության ղեկավարը գրել է սոցցանցում։
«Ես ձեզ չեմ շնորհավորում Դիվանագիտության օրվա առիթով։
Չնայած 20 տարի առաջ հենց իմ նախաձեռնությամբ հաստատվեց այս կարեւոր օրը, որը կապված է Սուլհան-Սաբա Օրբելիանու (վրացի պետական գործիչ, բանաստեղծ) անվան եւ գործունեության հետ, եւ մենք պետք է նշեինք այդ հոբելյանը հպարտությամբ։ Մանավանդ որ Սուլհան-Սաբան մեր եվրոպական ձգտումների, եվրոպական ուղու գլխավոր դեմքերից է, ուղի, որին կհասնենք միայն դիվանագիտական ճանապարհով։
Բայց ոչ եւ չեմ կարող։ Շնորհավորելու ոչ ցանկություն կա, ոչ հպարտության զգացում։ Այսօր, առնվազն, անհարմար է, երբ կառավարությունը տրորում է ցանկալի եվրոպական ուղին ոտքերի տակ եւ երբ դիվանագետների մեծ մասը լռում է եւ չի բողոքում Ռուսաստանի հանդեպ ձեռնարկվող քայլերի դեմ։
Այդ ընթացքում դուք, Վրաստանի լռած դեսպաններդ, նստում եք Բրյուսելում, Վաշինգտոնում եւ էլի շատ եվրոպական մայրաքաղաքներում, ու հանուն ինչի՞։ Եթե դուք չեք համարձակվում հրաժարական տալ, բարձրաձայն հայտարարել (ձեր դիրքորոշման մասին- խմբ.) կամ այլ կարծիք հայտնել, ձեզ ուրիշ ի՞նչ է մնում։ Մի՞թե այդքան վախենում եք։
Ի՞նչ Սուլհան-Սաբա, ի՞նչ արժանապատվություն, ի՞նչ պրոֆեսիոնալիզմ... Խաղաղությունը վտանգի մեջ է հենց այն ժամանակ, երբ երկրի դիվանագիտությունն անպետք է։
Ազատությունը վտանգի մեջ է այն ժամանակ, երբ նրանք, ովքեր ծառայում են պետությանը, վախենում են սեփական ստվերից։ Անկախությունը վտանգի մեջ է, երբ նրանք, ովքեր պետք է տագնապի ազդանշաններ հղեին մեր գործըկերներին, ձեւացնում են, թե չեն նկատում Ռուսաստանի հիբրիդային գործողությունները։ Նրանք քարացել են, անհետացել, թաքնվել դեսպանություններում, ասես բներում, ոչ ոք չի լսել նրանց ձայնը, նրանք չեն կարողացել պաշտպանել էմիգրանտների սահմանադրական իրավունքը ընտրություններում, եւ նրանք թաքնվում են... միայն թե ոչ ոք չհիշի նրանց գոյության մասին։
Պատմությունը ձեզ չի մոռանա, իսկ Սուլհան-Սաբային հանգիստ թողեք։ Ձեզ չի փրկի նրա անվան հիշատակումը, դուք <դրանով> ստվեր եք նետում նրա անվան վրա»,- ասել է նախագահը։