Եվրամիությունը, ինչպես նաև նրա կառույցները պետք է դադարեցնեն «ագրեսիվ հռետորաբանությունը և վնասակար քաղաքականությունը» Վրաստանի նկատմամբ՝ Թբիլիսիի հետ երկխոսությունը վերականգնելու համար։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Կարևոր է դադարեցնել ագրեսիվ հռետորաբանությունը վրաց ժողովրդի և Վրաստանի նկատմամբ։ Դա անընդունելի է։ Պետք է դադարեցվի վնասակար քաղաքականությունը Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ։ Դա նույնպես անընդունելի է և խանգարում է երկխոսությանը։ Պետք է չեղյալ հայտարարվեն այն բոլոր անարդարացի բանաձևերը, որոնք Եվրախորհրդարանը չարախնդությամբ ընդունում է վրաց ժողովրդի դեմ: Դա է այն ուղին, որը մենք առաջարկում ենք», - ասել է Պապուաշվիլին։
2024 թ. մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որից հետո երկրի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսել են վատթարանալ։ Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին բազմիցս կոչ է արել հրաժարվել այդ օրենքից, սակայն կառավարող կուսակցության առաջնորդները մշտապես պնդել են, որ օրենքի նպատակն է ապահովել երկրում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսական հոսքերի թափանցիկությունը՝ նշելով, որ այդ կազմակերպություններից մի քանիսը փորձել են հեղափոխություն կազմակերպել երկրում։
2024 թ. հոկտեմբերի 26-ին «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում ձայների 53,93%-ով՝ ստանալով օրենսդիր մարմնի 150 տեղերից 89-ը։ 2024 թ. նոյեմբերի 28-ին «Վրացական երազանքը» որոշել է մինչև 2028 թվականը դադարեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու քննարկումները և հրաժարվել ԵՄ-ի կողմից տրամադրվող բոլոր բյուջետային դրամաշնորհներից:



