Վրաստանի խորհրդարանում բացառել են Սաակաշվիլիի...

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գեորգի Վոլսկին անհնար է համարել դատապարտված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանձնումն Ուկրաինային, ինչպես դա պահանջում են Ուկրաինայի իշխանությունները։ Այդ մասին  տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Ինչպե՞ս կարող է մարդը ցանկություն ունենալ Ուկրաինային հանձնել այն մարդուն, որը հանցագործություն է կատարել քո տարածքում: Ես հաստատ գիտեմ, որ նա Ուկրաինայում կմտնի իր կուսակցության շարքերը, և ոչ ոք նրանից պատասխան չի պահանջի, այլ ընդհակառակը, շքանշան կտան ուկրաինական սահմանի ապօրինի խախտման համար», - լրագրողներին ասել Վոլսկին։

Խորհրդարանի առաջին փոխխոսնակը նաև մեկնաբանել է Ուկրաինայի Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի խոսքը, որն ավելի վաղ Telegram ալիքում գրել էր, որ Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման համար Վրաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ 2023 թվականին վերսկսված օդային հաղորդակցությունը և բանտից ազատ արձակի Սաակաշվիլիին։ Նա նաև Վրաստանի իշխանություններին մեղադրել էր այն բանում, որ նրանք Ռուսաստանի Դաշնությանն օգնում են շրջանցել պատժամիջոցները։

«Ի՞նչ անհեթեթ բաներ է նա ասում, գոնե հասկանու՞մ է: Հաստատվել է, որ ոչ մի տեսակի «սև անցքեր» գոյություն չունեն։ Եթե Արախամիան ցանկանում է զբաղվել «սև անցքեր» փնտրելով, թող սկսի իրենից, իր ունեցվածքից, այն իրավիճակից, որ ինքն է ստեղծել իր շուրջը», - եզրափակել է Վոլսկին։