Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Եվրոպական միությունը շանտաժի է ենթարկում երկրի քաղաքացիներին՝ սպառնալով կասեցնել առանց վիզայի ռեժիմը և փաստացի զոհասեղանին դնելով նրանց ազատությունը, հայտնում է News Georgia-ն։
«Այս շանտաժի գլխավոր ուղերձը հետևյալն է. «Վրացի ժողովուրդ, կամ դուք ենթարկվում եք մեր կամքին և անում եք այն, ինչ մենք կասենք՝ մենք ձեզ համար դատավորներ ու դատախազներ կնշանակենք, կստիպենք օրինականացնել նույնասեռ ամուսնությունները, ինչպես հիմա պահանջում են բոլորից, կընդունենք մեզ ձեռնտու օրենքները, կչեղարկենք նրանք, որոնք մեզ դուր չեն գալիս, կամ էլ դուք ստիպված կլինեք գալ մեր դեսպանատներ՝ վիզա ստանալու համար»։ Ահա թե ինչ մակարդակով են նրանք մտածում վրացի ժողովրդի մասին՝ որ ազատության և վիզայի միջև վրացիները կընտրեն վիզան»,- ասել է Պապուաշվիլին։
Պապուաշվիլին ընդգծել է, որ նման հռետորաբանությունը նոր չէ.
«ԵՄ-ն առաջինը չէ, որ մեզ հետ այդպես է խոսել. մեր անկախության տարբեր շրջաններում մեզ համար փակել են վիզաները, կիրառել տնտեսական պատժամիջոցներ։ Հենց այդպես՝ ազատություն կամ վիզա։ Ահա թե ինչ ճանապարհով է այսօր ընթանում Եվրոպական միությունը ներկայիս ղեկավարության ձեռքում՝ նրանք կարծում են, թե կարելի է ժողովրդին կանգնեցնել նման ընտրության առջև և սպասել, որ նա կընտրի վիզան»։
Հիշեցնենք, որ փետրվարից ԵՄ-ը կասեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների համար։



