Վրաստանի իշխող կուսակցությունը վարչապետի թեկն...

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաստատել է, որ Իրակլի Կոբախիձեն դիտարկվում է որպես վարչապետի թեկնածու։ Այս մասին հայտնում է Новости Грузия-ն։ 

Վարչապետի թեկնածությունն առաջադրելու իրավունք ունի ընտրություններում լավագույն արդյունքներ ցույց տվող կուսակցությունը։ «Վրացական երազանք»-ը վերջերս փոփոխություն է ընդունել, ըստ որի՝ կառավարության ղեկավարի թեկնածությունն առաջադրում է Պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին և հաստատում Քաղաքական խորհուրդը։ Պաշտոնապես այս ամենը տեղի կունենա փետրվարի 1-ին կայանալիք կուսակցության համագումարում։

Դրանից հետո հարցը գնում է խորհրդարան։

Վստահություն ձեռք բերելու համար նախարարների նոր կաբինետին անհրաժեշտ է պարզ մեծամասնության՝ 76 ձայնի աջակցությունը։

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարականի պատճառով այսօրվանից բոլոր նախարարները դառնում են ժամանակավոր պաշտոնակատար։ Խորհրդարանը երկու շաբաթ ժամանակ ունի նոր վարչապետին և նրա ներկայացրած թիմին վստահություն հայտնելու համար։