Եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Վրացական երազանքը» սուպերմեծամասնություն ստանա, ապա կձգտի լիակատար արգելք դնել «Միացյալ ազգային շարժման» և նրա հետ կապված կուսակցությունների վրա։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե իրենց թիմը որ կուսակցություններին է նախատեսում հակասահմանադրական ճանաչել, հաղորդում է NewsGeorgia-ն։
«Կա «Ազգային շարժում», որի մեջ լրացուցիչ մտնում է մի քանի կուսակցություն, նրանք միասին են մասնակցելու ընտրություններին։ Դուք նաև գիտեք, որ հավաքական «Ազգային շարժմանն»են վերաբերում «Ախալի», «Գիրչի», «Դրոա» կուսակցությունները։ Այս բոլոր քաղաքական գործիչների անցյալն ու ներկան կապված են «Ազգային շարժման» հետ։ Կա նաև «Լելո» միավորումը, որն անմիջականորեն մասնակցել է բիզնես ռեկետին, և դա պետք է լինի հետաքննության առարկաներից մեկը»,- ասել է Կոբախիձեն։
Նա նաև հայտարարել է, որ նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը նույնպես կապված է ՄԱՇ-ի հետ։ «Սա մեկ հավաքական հանցավոր քաղաքական ուժ է, որը պետք է անպայման դատապարտվի», - ասել է Կոբախիձեն:
Ժողովրդավարության համար «մեղավոր» կուսակցություններին արգելելը ոչ մի խնդիր չի ներկայացնում, շարունակել է նա։ «Դա սովորական պրակտիկա է հատկապես ԵՄ թեկնածու երկրներում»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Նա կուսակցությունների արգելքի «տրամաբանական շարունակություն» է անվանել նրանց մանդատների չեղարկումը։ Միաժամանակ, Կոբախիձեն կարծում է, որ առաջիկա ընտրություններում 5 տոկոսի շեմը ընդդիմությունից կկարողանան հաղթահարել միայն ՄԱՇ-ը և «Միասնություն» հարթակի նրա գործընկերները։
«Մանդատները կարող են չեղարկվել միայն Սահմանադրական դատարանի կողմից՝ գործող Սահմանադրության համաձայն։ Կարծում եմ, որ կուսակցական արգելքի տրամաբանական շարունակությունը կլինի մանդատների չեղարկումը։ Հանցավոր քաղաքական ուժի մեղավոր անդամները չեն կարող օգտվել Վրաստանի խորհրդարանի անդամի կարգավիճակից։ Սա տրամաբանական շարունակություն կլիներ»,- ասել է Կոբախիձեն։
Լրագրողները հետաքրքրվել են, թե վարչապետը խնդիր չի՞ համարում է, որ նման դեպքում Վրաստանի խորհրդարանը միակուսակցական կլինի։
«Խորհրդարանը կմնա ժողովրդավարական ճանապարհով ընտրված, որտեղ «Վրացական երազանքը» կունենա սահմանադրական մեծամասնություն, սա սկզբունքորեն կարևոր է... Այդ ժամանակ ոչինչ չի լինում։ Մոլդովայի խորհրդարանը գործնականում միակուսակցական է, սակայն բոլորը ողջունում են Մոլդովայի խորհրդարանը։ Նույնը կլինի Վրաստանում։ Նույն ստանդարտը պետք է կիրառվի բոլոր թեկնածու երկրներում»,- հայտարարել է նա։