
Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանքի տակ է վերցրել հոկտեմբերի 4-ին Վրաստանի նախագահի նստավայրի վրա գրոհի կազմակերպիչներին, որի հետևանքով տուժել էր շուրջ 30 ոստիկան։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ռուսթավելի պողոտա» հասարակական շարժման առաջնորդները՝ օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն, նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան, ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն, ընդդիմադիր «Ագմաշենեբելի ռազմավարություն» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Պաատա Մանջղալաձեն, և պաշտոնաթող գնդապետ Լաշա Բերիձեն մեղադրվում են ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտները զավթելու և շրջափակելու փորձի, խմբային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու, ինչպես նաև Վրաստանի սահմանադրական կարգը փոխելու և պետական իշխանությունը տապալելու կոչեր անելու մեջ։ Մեղադրյալներին սպառնում է մինչև ինը տարվա ազատազրկում։
Նաև դատական գործընթաց է սպասվում հարձակման 13 մասնակիցների նկատմամբ, որոնք ձերբակալվել են հոկտեմբերի 6-ին: Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հետախուզման մեջ է անկարգությունների ևս երկու մասնակից։
Հոկտեմբերի 4-ին Վրաստանի ՆԳ նախարարությունը հաղորդել է, որ տեղական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները վնասել են Թբիլիսիում նախագահի նստավայրի ցանկապատերը և փորձել են ներխուժել շենք։ Դրանից հետո ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։