Վրացական ԶԼՄ-ները հաղորդում են կառավարության...

Լրատվամիջոցները հայտնում են Թբիլիսիի կենտրոնում Վրաստանի կառավարության վարչակազմի բակում հատուկ նշանակության ջոկատների մոբիլիզացիայի մասին, հայտնում է NewsGeorgia-ն։

Սոցիալական ցանցերում տարածվել են կադրեր, որոնցում երևում են մինչև տասը ավտոբուսներ, որոնք սովորաբար օգտագործվում են բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանական ուժերին տեղափոխելու համար:

Վրաստանի ՆԳՆ-ն չի հայտնել, թե ինչի հետ է կապված մոբիլիզացիան։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ավելի վաղ ասել էր, որ ակնկալում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կհաղթի ձայների 60%-ով։ Նա ընդդիմությանը կոչ է արել ընդունել պաշտոնական արդյունքները և չկրկնել 2020-ի կամ 2018-ի հետընտրական բողոքի ակցիաները։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները բեմ են տեղադրում կուսակցության կենտրոնական գրասենյակի բակում։ Ըստ ամենայնի, ընտրությունների ավարտից հետո «Վրացական երազանքի» առաջնորդներն այդ բեմից կդիմեն բնակչությանը։ 

Վրաստանում հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններ են։ Դրանցում ներգրավված է 18 կուսակցություն, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք»-ը, որը իշխանության է 12 տարի:

Խորհրդարանի 150 պատգամավոր առաջին անգամ ընտրվում է ոչ թե խառը, ինչպես նախկինում, այլ ամբողջովին համամասնական ընտրակարգով։ Օրենսդիր մարմին մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն հինգ տոկոսանոց շեմը։