Ո՞վ կարձագանքի, եթե Բաքուն հավակնություն ունե...

30 տարի առաջ գործընկերոջս հետ զեկույց ենք գրել, թե այդ օրերին ինչ էր տեղի ունենում Ղարաբաղում, դժբախտաբար, իրավիճակը Ղարաբաղում չի բարելավվում։

Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

«Հիշում ենք ղարաբաղյան առաջին պատերազմի սարսափները, ես այնտեղ եմ եղել անձամբ և տեսել Ադրբեջանի կողմից ձեր ժողովրդին հասցված հսկայական տառապանքը։ Անձամբ եմ ականատես եկել, թե ինչպես է Ադրբեջանի կողմից օրեկան 400 գրադ արձակվում Ստեփանակերտի վրա, տեսել եմ, թե ինչպես է 500 կգ-անոց ռումբ ընկնում քաղաքացիական տների վրա», -վերհիշեց բարոնուհին։

Քերոլայն Քոքսը վշտացած է գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա, ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ:

«Մեծ ցավով եմ հիշում, երբ արցախցիները օգնություն կանչեցին, աշխարհին կանչեցին, աշխարհը նախընտրեց չլսել։ Շատ ազգեր իրենց ականջները փակեցին, այդպիսով էլ ավելի սատարեցին մեղավորներին՝ անպատիժ կերպով շարունակելու իրենց բռնություններն ու սպանությունները»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ Արցախի բնիկ, հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողում էթնիկ և կրոնական զտումների առջև, և, ըստ նրա, այս իրավիճակը գնալով սրվում է:

Բարոնուհին նաև նկատեց, որ դեռ ոչ մի ազգ չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին։

«Ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը և ոչ էլ ՀԱՊԿ-ը չեն արձագանքել։  Ոչ մի ժողովուրդ չի դիմադրել Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնություններին

Հետևաբար, հարց է բարձրանում` ո՞վ կարձագանքի, եթե Բաքուն հավակնություն ունենա Երևանի, Զանգեզուրի կամ Սևանա լճի նկատմամբ»,- մտահոգություն հայտնեց բարոնուհին։