Իշխանությունների սրտի պատգամավոր Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում երեկ տարածվել էր հաղոդագրություն, որում մասնավորապես ասվում էր, որ պատգամավորը «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում»։
Այս հաղորդագրությունը իրական շոկ էր քաղաքական դաշտի համար։ Ստացվում էր, որ Արման Բաբաջանյանը բացահայտում է իշխանությունների նախագիծը, որի մասին այս ընթացքում խոսել են քաղաքական տարբեր շրջանակներ և հայտարարել են, որ Արցախի հարցում կա դավադրություն, որը իշխանությունները թաքցնում են հանրությունից։
Հաղորդագրությունից հետո ժամեր անց հայտարարությամբ հանդես եկավ «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը․«Պաշտոնապես հերքում եմ այսօր «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության հետ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո նշված կազմակերպության ֆեյսբուքյան էջում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե իբր ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արցախի նախագահին առաջարկել է արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում:
Պահանջում եմ պատասխանատուներից չխեղաթյուրել հանդիպման ընթացքում ծավալված քննարկման բովանդակությունը և սուտ հրապարակման համար հրապարակավ ներողություն խնդրել»,-իր ֆեյսբուքյան էջում գրել էր մամուլի խոսնակը։
Այս հայս տարարությունից հետո Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ լուրը կեղծ է և կապ չունի իր ղեկավարած քաղաքական շարժման հետ։ Պատգամավորը ակնարկեց նաև, որ դրանում մեղավորն են իր նախկին կուսակիցները․«Որոշ նեղմիտ հիմարներ, ովքեր վաղուց լուսավորականությունը փոխել են իրենց էությանը հարազատ խավարասիրական զբաղմունքի հետ, շարունակում են իմ լուսանկարով Հանուն Հանրապետության կեղծ էջի միջոցով հանրայնացնել իրականության հետ ոչ մի կապ չունեցող սուտ տեղեկություններ»։ Այնուհետև առանձին դիմել է ԶԼՄ-ներին. «Բարեխիղճ լրատվամիջոցներին կոչ եմ անում չտարածել այս կեղծիքը»,-գրել էր Արման Բաբաջանյանը և կից հրապարակել լուսանկար իբր կեղծ լուր տարածած ֆեյսբուքյան էջից։
Արման Բաբաջանյանը սակայն չէր խոստովանել, որ լուրը ֆեյսբուքյան էջում ահյտնվելուց առաջ հայտնվել է իրեն պատկանող 1in.am էլեկտրոնային հարթակում։ ՈՒ ակնհայտ է, որ հայտարարությունը հենց իր կառույցն է արել ու այստեղ ինքն իրեն է նեղմիտ հիմար համարում։
Արման Բաբաջանյանը, ըստ էության «նեղմիտ հիմար» է համարում նաև Արցախի նախագահին, քանի որ ամեանապազարագույն ստով կարողացավ մոլորեցնել Արցախի նախագահի թիմին և Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջից հեռացրեց գրառումը, որով պահանջում էր, որպեսզի Արման Բաբաջանյանը ներողություն խնդրի։
Կամ այս ամենը մեկ այլ բանի վկայությունն է՝ Արման Բաբաջանյանը և Արայիկ Հարությունյանը հանրությանն են «նեղմիտ հիմարի» տեղ դնում։ Այս դեպքում կարող է հաստատվել այն վարկածը, ըստ որի Արման Բաբաջանյանի և Արայիկ Հարությունյանի միջև իրականում եղել է նման խոսակցություն ու պատգամավորը միամտաբար հրապարակային խոսել է դրա մասին։ Սա արդեն իրերի այլ դրության մասին է խոսում, որին կանդրադառնաք առաջիկայում։ Առաջիկայում կանդրադառնանք, թե ու՞մ հետ է Արցախի հարցը քննարկում նախագահ Արայիկ Հարությունյանը և արդյո՞ք դա պատվաբեր է պատերազմող երկրի ղեկավարի համար։