Ալեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացա...

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշման դեմ բողոքները կքննի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխել և կիրառել է տնային կալանք։ Պաշտպանության կողմը, սակայն, գտնում էր, որ Ալեքսանյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց չպետք է կիրառվեր, իսկ եթե կիրառվեր, ապա անազատության հետ չկապված, ըստ այդմ, բողոք են ներկայացրել։ Դատական ակտի դեմ բողոք ներկայացրել է նաև դատախազությունը՝ պահանջելով կրկին կալանավորել Ալեքսանյանին։

Բողոքներն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Արմեն Հովհաննիսյանին, ով սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ գործով պաշտպաններից Վահե Միսակյանն իր համակուրսեցին է։ Գործը երեկ վերամակագրվել է դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։

Նշենք, որ Ալեքսան Ալեքսանյանը 2026թ. հունիսի 3-ից կալանավորված է եղել, նրա խափանման միջոցը տնային կալանքով փոխարինվել էր սեպտեմբերի 30-ին։Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց է ընտրված գրավը՝ 1 մլրդ դրամի չափով, իսկ բացակայելու արւելք խափանման միջոցը վերացվել է սեպտեմբերի 16-ին։

Ալեքսան Ալեքսանյանը մեղադրվում է այն բանում, որ լինելով «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործադիր մարմնի ղեկավարը ու «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն, նա «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանի և այլ անձանց հետ ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն։ Ըստ մեղադրանքի՝ նրանց նպատակն է եղել ապօրինի գործունեության միջոցով ազդել 2026թ. հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա, «Ուժեղ Հայաստան» կուսակցության և հետագայում դրա հիման վրա ձևավորված դաշինքի օգտին առավել շատ ձայներ ապահովել, ինչպես նաև այդ քաղաքական ուժի աջակիցների մեծ թվաքանակի տպավորություն ստեղծել։

Մեղադրանքի համաձայն՝ Ալեքսանյանը և Նարեկ Կարապետյանը նախապես համաձայնության են եկել և 2025թ. սեպտեմբերի 9-ին ստեղծել «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունը։ Այն ստեղծվել է ոչ թե կանոնադրությամբ սահմանված նպատակներն իրականացնելու, այլ իրական նպատակը քողարկելու համար։ Ըստ մեղադրանքի՝ կազմակերպության միջոցով քաղաքացիներին նյութապես շահագրգռել են հավաքներին մասնակցելու, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության և հետագայում ձևավորված դաշինքի օգտին ընտրական գործընթացներին աջակցելու նպատակով։ Այդ սխեմայի միջոցով շրջանցվել են այն սահմանափակումները, որոնց պատճառով Նարեկ Կարապետյանի և նրա ընտանիքի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, «Ինտեկո էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ները չէին կարող քաղաքական կամ ընտրական նպատակներով գումարներ փոխանցել տարբեր անձանց և կազմակերպություններին։ Ըստ մեղադրանքի՝ կազմակերպության միջոցով իրականացված գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Բացի այդ, Ալեքսան Ալեքսանյանը, Նարեկ Կարապետյանը և այլ անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական լիազորություններն ու դրանցից բխող ազդեցությունը, կատարել են առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։