Ով է անարգել «Պաշարված Լենինգրադի երեխաներին»...
«Իրավունք» թերթը գրում է․
Լենինգրադի պաշարման ավարտից անցավ ուղիղ 80 տարի, երբ Խորհրդային զորքերը ազատագրեցին քաղաքը։ Լենինգրադի բնակիչները 872 օր անմարդկային ու սարսափելի տառապանքների միջով անցան: Իսկ քաղաքի հերոսական պաշտպանությունը դարձավ Խորհրդային ժողովրդի արիության խորհրդանիշը: Արցախի 9 ամսյա շրջափակումը տեսած հայ ազգը, թերեւս սեփական մաշկի վրա է զգացել, թե ինչ է այս ամենը նշանակում, հատկապես, որ Արցախի դեպքում ճեղքում չեղավ, այլ՝ հայաթափում… Սակայն, ցավալիորեն գտնվեց մեկը Հայաստանում, որ Լենինգրադի պաշարման 80-րդ տարելիցին անարգեց Երեւանի Արաբկիր համայնքի Վահագն Դավթյան զբոսայգում գտնվող «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանը:
 
Պարզվում է՝ կատարվածը ոմն Սամվել Շիրինյանի ձեռքի գործն է: Վերջինս տեսանյութ է հրապարակել սոցցանցերում, որտեղ երեւում է, թե ինչպես է մոտեցել հուշարձանին, տապալել հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակները, պատռել ռուսական եռագույնով ժապավենները եւ իր գործողությունները բացատրել հակառուսական հռետորաբանությամբ: Նա իր խոսքում կասկածի տակ է դրել նաեւ Լենինգրադի շրջափակման ապացույցները՝ դժգոհություն հայտնելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերից, որը ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան Արցախում էթնիկ զտումների մասին պնդումներին, առաջարկել էր հղում տալ որեւէ միջազգային կազմակերպության, օրինակ՝ ՄԱԿ-ի փաստաթղթի կամ հայտարարության, որտեղ նշվում է, որ նման էթնիկ զտումներ են եղել։
 
«Լենինգրադի պաշարման մասին էլ որեւէ փաստաթուղթ չկա», - տեսանյութում ասում է Սամվել Շիրինյանը:
 
Հատկանշական է, որ անձը հայտնի է, դեպքը՝ եւս, սակայն իրավապահ մարմինները դեռեւս չեն արձագանքել միջադեպին:
 
Հիշեցնենք, որ այս հուշարձանը կառուցվել է 2015 թվականին՝ ի երախտիք հոգատար այն վերաբերմունքի, որ ցուցաբերվել է Լենինգրադի բլոկադայից հրաշքով փրկված եւ Հայաստանում ապաստան գտած շատ երեխաների (Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադից Հայաստան է տեղափոխվել 200 երեխա): Իսկ այսօր որոշ հակառուսներ ֆաշիզմով տոգորված ամեն կերպ փորձում են ստեղծել տպավորություն, որ Հայաստանն էլ առաջվանը չէ…