Օգոստոսի 19-ին ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Խորհրդակցության նպատակը ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ միամսյա ուժեղացված ծառայության նախապատրաստման աշխատանքներն էին։
Ոստիկանության պետի տեղակալը հիշեցրել է, որ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության, և անհրաժեշտ է քննարկել կազմակերպչական մի շարք հարցեր։
Ծառայության կազմակերպման կարգին է անդրադարձել ոստիկանության ՀԱԱԳՎ պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը։ Նա նշել է, որ մինչև միամսյակի մեկնարկը անհրաժեշտ է վերակարգերը մոտեցնել տոնավաճառներին և առևտրի խոշոր կետերին՝ հափշտակությունները, ինչպես և խցանումները կանխելու նպատակով։ Ցուցում է տրվել ծառայությունները կազմակերպելու համար պատրաստել պլաններ՝ ուժերի և միջոցների հաշվարկով, և ուղարկել ոստիկանության ՀԱԱԳՎ։
Կամո Ցուցուլյանը հավելել է, որ ծառայությունը անհրաժեշտ է կազմակերպել երկու հերթափոխով՝ մինչև դասերի ավարտը։ Ոստիկանության պետի տեղակալը հանձնարարել է ուսումնական հաստատությունների մոտ վերակարգերի ծառայությունը վերահսկելու համար ստորաբաժանումների ղեկավարներից նշանակել պատասխանատուներ՝ յուրաքանչյուրին ամրակցելով որոշակի տարածք։
Խոսվել է գծանշումների թարմացման, լուսացույցների անխափան աշխատանքն ապահովելու մասին։ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը ներկայացրել է, թե այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են արվել։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը խոսել է միամսյակի ընթացքում արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների փոխգործակցության մասին։ Որոշվել է հատկապես ճանապարհին մոտ գտնվող դպրոցների մոտ ապահովել նվազագույնը 2-ական ծառայող՝ միաժամանակ հենակետերում չթուլացնելով ամենօրյա ծառայությունը։
Ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը պարեկային ծառայության ղեկավար կազմից պահանջել է անձնակազմին հիշեցնել, որ հատկապես միամսյակի ընթացքում անհրաժեշտ է լինել առավել ուշադիր և զգոն, ծառայությանը վերաբերվել սրտացավորեն։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ուժեղացված ծառայության ու երթևեկության անվտանգությանը վերաբերող այլ հարցեր ևս:



