Երեկ Ադրբեջանը կարելի է ասել ինքնախոստովանական ցուցմունք տվեց, հայտարարելով, որ հարվածել է ՀՀ տարածքին։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը պատասխան համարժեք հայտարարություն տարածեց։ Ադրբեջանի այս ինքնախոստովանական ցուցմունքից հետո, գոնե, ենթադրելի էր, որ վերջապես ՀԱՊԿ-ը ինչ որ բան կանի որպես ռեգիոնալ ռազմաքաղաքական ինտեգրացիոն միավոր, որը պատասխանատու է անվտանգային ոլորտի հարցերի համար։ Սակայն, պարզվում է, որ նման ակնկալիք ունեցողներս համարվում ենք անհույս իդեալիստներ։
Օրինակ դժվար է պատկերացնել, թե եթե ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկրի տարածքին հարված լիներ, քանի րոպե կպահանջվեր, որպեսզի դաշինքը համարժեք պատասխան տար։ ՀԱՊԿ-ի եւ հատկապես՝ Ռուսաստանի՝ արդեն ամոթալի դարձող ոչինչ չանելու ծանր մթնոլորտը երեկ փորձեց ցրել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն ավելի լավ կաներ, որ լուռ մնար, որովհետեւ գոնե այս հարցով լուռ մնալու դեպքում խելամիտ մարդու տպավորությունը կպահպաներ։ Եվ այսպես, Պեսկովը ոչ ավել, ոչ պակաս՝ հորդորեց սպասել մինչեւ զինվորականները կստուգեն, թե Ադրբեջանի ինքնախոստովանական ցուցմունքը՝ Հայաստանի տարածքին հարվածելու մասին, որքանով է համապատասխանում իրականությանը։
Այսինքն, ունենք մի իրավիճակ, երբ մարդասպանը գնում է ոստիկանություն, ու ոստիկանությունում արդեն վաղուց հայտնի սպանության մասին ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, իսկ նրան չեն հավատում եւ ասում են՝ գնա տուն մենք կստուգենք խոսքերիդ իսկությունը։ Սա արդեն նույնիսկ ողջամտության սահմաններից է դուրս։
Սակայն, ինչպես ասում են՝ ապագայի համար նկատի ունենալուն թողնենք եւ պարզ մի հարց, թեկուզ հռետորական, տանք՝ իսկ դեռ որքա՞ն է Մոսկվան դիտորդի դերում մնալու, դեռ որքա՞ն է Մոսկվան իր երեսին թքելը համարելու անձրեւ։ Եվ արդյոք արդեն ժամանակը չէ հասկանալու, որ մենք ի դեմս Ռուսաստանի չունենք այն դաշնակիցը, այն էլ ռազմավարական, որպիսին պատկերացրել ենք, կամ որպիսին ասենք Իսրայելի համար ԱՄՆ-ն է։ Սրանք հարցեր են, որ պետք է դառնան քննարկման առարկա Հայոց մեր այժմյան Հայրենական պատերազմի հաղթական ավարտից հետո։



