
Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով, միաժամանակ մի քանի բնակավայրերի, խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մարտական գործողությունները եղել են ինչպես հյուսիսային ուղղությամբ՝ համեմատաբար ավելի թեթև լարվածության, նույն ժամանակ շարունակվել են նաև քարտեզում նշված գյուղերի ուղղությամբ: Դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է, ինչպես տեսնում եք մի քանի գյուղերի ուղղությամբ հիմնականում բնակավայրերին մոտիկ, անտառներում և այլն»,- ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի ունեցած առաջխաղացմանը՝ նա նշեց. «Ըստ էության Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա: Այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել և կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, հաջողության չեն հասել: Գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի պայքարը շարունակվում է, որպես կանոն փոքր խմբեր են մոտենում, որոնք իրենց հետ բերում են թեթևազենք սպառազինություն և մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, փախչում են անտառներով և լեռներով փորձում են այլ ուղղություններ զարգացնել և այս ուղղությամբ կարծես 24-ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են»:
Հովհաննիսյանը նշեց, որ ինչպես երևում է քարտեզում, հիմնականում դաշտավայրերում որոշակի հաջողություններ ունենալուց հետո Ադրբեջանի զինված ուժերը, որոնց միացած են միջազգային ահաբեկչական խմբերի հրոսակախմբերը և այլոք, փորձում են զարգացում լեռնային բարդ անտառալեռնային տեղանքում, որտեղ այնքան էլ հեշտ չի հաջողվում դա և մարտավարական առումով ընթանում է ավելի դժվար և բարդ պայքար: